Ամերիկյան Condé Nast Traveler ամսագիրը հրապարակել է 2017 թվականի լավագույն կղզիների ցանկը։ Դրա առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Ֆիլիպինների կղզիները։
Ինչպես նշում է Lenta-ն՝ վարկանիշային աղյուսակի առաջատարը փոքրիկ Բորակայ կղզին է, որը գրավում է զբոսաշրջիկներին իր լողափերով, արևադարձային կլիմայով և գեղեցիկ մայրամուտերով։ Բորակայի ամենահայտնի վայրերից մեկը, ըստ ճանապարհորդների, Սպիտակ լողափն է, որը իդեալական է ստորջրյա լողի համար։ Կղզի կարելի է հասնել մոտորանավակով՝ Մանիլայից թռիչք իրականացնելով դեպի առողջարանին ամենամոտ գտնվող Կատիկլան օդանավակայան։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սեբու կղզին, որը պատկանում է Վիսարյան արշիպելագին (Ֆիլիպիններ)։ Այս վայրը գրավում է զբոսաշրջիկներին գեղեցիկ լողափերով և մարդաշատ ռեստորաններով ու խանութներով։ Այստեղից ուղիղ չվերթ իրականացվում է հարևան պետություններից։
Երրորդ տեղում հայտնվել է Պալավան կղզին՝ շնորհիվ աշխարհի յոթը հրաշալիքներից մեկի՝ Պուերտո Պրինցեսայի, որը ամենաերկար ստորգետնյա գետն է աշխարհում։ Գետի երկայնքով բացվել է ազգային պարկ, զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ են անցկացվում ստորգետնյա քարանձավներում։ Պալավան կարելի է հասնել Մանիլայից 15-րոպեանոց թռիչքով։
Ցանկում հայտնվել են նաև Մայորկան, Միկոնոսը (Հունաստան), Բերմուդյան կղզիները, Սան Բարտելեմին, Թյորքս և Կայկոս կղզիները, Բալին և Կայմանյան կղզիները։
Condé Nast Traveler ամսագիրը ամենամյա ցանկը կազմում է՝ հիմնվելով ավելի քան 300 հազար ճանապարհորդների կարծիքների վրա։