Ամստերդամի «կարմիր լապտերների թաղամասում» բացվել է աշխարհում առաջին մարմնավաճառության թանգարանը: Նրա կազմակերպիչները խոստանում են այցելուներին ցուցադրել մարմնավաճառների աշխատանքի բոլոր մանրամասները: Մասնավորապես, ցուցահանդեսը կպատմի, թե ովքեր են գալիս աշխատելու հասարակաց տներում և ինչպիսին է սեքս-արդյունաբերության աշխատակցի կյանքը:
«Կարմիր լապտերների թաղամասի գաղտնիքները» թանգարանի այցելուները կիմանան ամեն ինչ մասնագիտության էվոլուցիայի մասին` սկսած հնագույն ժամանակներից, մինչև` մեր օրերը, այն մասին, թե ինչպես են փոխվել մարմնավաճառների օժանդակ գործիքները. հայտնում է Lenta.ru-ն: Թանգարանի շենքերից մեկը նվիրված է ԲԴՍՄ-փորձառության ցուցահանդեսին, կա սենյակ` նվիրված լյուքս դասի մարմնավաճառությանը, և սրահ, որտեղ ցուցադրված է «աղքատ մարմնավաճառուհիների» կյանքը:
Բացի այդ, այցելուները պատկերացում կկազմեն այն մասին, թե ինչ են զգում աղջիկները, որոնք կանգնում են ապակյա ցուցափեղկերի ետևում և գրավում հաճախորդներին: Տեղական իշխանությունները հավանության են արժանացրել մարմնավաճառության թանգարանի գաղափարը, քանի որ կարծում են, որ ցուցահանդեսը կօգնի զբոսաշրջիկներին հասկանալ մարմնավաճառի դժվար աշխատանքի առանձնահատկությունները, ինչն էլ իր հերթին մարդկանց մոտ հարքանգի զգացում կառաջացնի նրանց նկատմամբ:
Ամստերդամում մարմնավաճառությունը օրինական է և գտնվում է պետության խիստ հսկողության տակ. հասարակաց տան աշխատակցուհիները պետությանը հարկ են վճարում և պարբերաբար անցնում բժշկական ստուգում: «Կարմիր լապտերների թաղամասը» քաղաքի տեսարժան վայրերից մեկն է, որը տարեկան գրավում է միլիոն զբոսաշրջիկի: Թաղամասում օրինական աշխատում է 7 հազար մարդ: Թանգարանը բաց է ամեն օր կեսօրից մինչև կեսգիշեր: Տոմսի արժեքը 7.5 եվրո է: