Ucityguides օնլայն ուղեցույցը կազմել է գերագնահատված համաշխարհային տեսարժան վայրերի վարկանիշային աղյուսակը: Որոշ հայտնի տեսարժան վայրեր ստուգման արդյունքում պարզվել են ոչ այնքան լավը, օրինակ` շատ փոքր, վատ տեսանելի կամ զբոսաշրջիկներով լի: Հակառեյթինգը գլխավորել է Դանիայի մայրաքաղաքում գտնվող հայտնի «Ջրահարսը». գրում է գերմանական Berliner Zeitung-ը:
Ցանկի հեղինակների կարծիքով`այն շատ դժվար նկատելի է. սա 1.25 մետր բարձրությամբ փոքրիկ քանդակ է ափամերձ քարի վրա: Երկրորդ տեղը զբաղեցրել է բելգիական «Միզող տղան», որը ոչ միայն փոքր է, այլև` միշտ ծածկված զբոսաշրջիկներով, ովքեր, ըստ երևույթին, ցանկանում են հասկանալ, թե ինչու է նա կարիքները հոգում շատրվանի մեջ:
Տասնյակում հայտնվել է նաև London Eye պտտանիվը, որի անհրաժեշտությունը, Ucityguides-ի կարծիքով, ի սկզբանե չկար. փոխանցում է Еuromag-ը: Դուբլինի Temple Bar-ը (6 տեղ) հայտնի է որպես ստեղծագործական վերնախավի հանդիպման վայր, բայց այժմ այստեղ ավելի շատ կարելի է հանդիպել հարբած զբոսաշրջիկների, իսկ ուտեստների արժեքները անհիմն բարձր են:
Բացի այդ, Ucityguides-ը չի հասկանում, թե ինչ հետաքրքրություն կարող են առաջացնել մոմե տիկնիկները, այդ պատճառով ցանկում ընդգրկել է նաև Մադամ Տյուսոյի թանգարանը: Տասնյակը եզրափակում է իտալական Կապրի կղզու Կապույտ քարայրը. միգուցե այն իրոք գեղեցիկ է, գրում է Ucityguides-ը, բայց միշտ փակ է վատ եղանակի պատճառով: