Ամենագեղեցիկ բացօթիկները աշխարհում
Ամռանը չկա ավելի լավ բան, քան նախաճաշը բացօթիկում կամ հաճելի երեկոյան լաունջը՝ դեպի գեղեցիկ մայրամուտը բացվող տեսարանով։ ELLE-ն առաջարկում է ոգեշնչվել աշխարհի լավագույն բացօթիկների տեսարաններով, որոնց համայնապատկերներից մարդու շունչ է կանգնում։
ՀՈՒՆԱՍՏԱՆ, ՍԱՆՏՈՐԻՆԻ, GRACE SANTORINI ՀՅՈՒՐԱՆՈՑ
Հունական կղզին համարվում է լավագույն վայրը գեղեցիկ արևածագ և մայրամուտ դիմավորելու համար։ Սանտորինին իրենից ներկայացնում է բլուր, որի լանջին տեղ են գտնում հյուրանոցներ, որոնք զարդարված են միևնույն ոճով՝ սպիտակ շենքեր և կապույտ գմբեթներ։ Կղզու գեղեցկագույն Grace Santorini հյուրանոցը իր հյուրերին առաջարկում է բառացիորեն անդունդի վրա կախված լողավազաններ և ընդարձակ բացօթիկներ, որոնցից բացվում է տպավորիչ տեսարան։
ԻՆԴՈՆԵԶԻԱ, ԲԱԼԻ, ROCK BAR
Ֆանտաստիկ տեսարանով բարը ժայռի վրա հայտնի է այնքան, որ այստեղ հերթը, թվում է, թե չի ավարտվի երբեք․ հյուրերին, ովքեր պատրաստ են սպասել մի քանի ժամ շարունակ, գեղեցկագույն բացօթիկ է տեղափոխում հատուկ ճոպանուղին։ Բալիի լավագույն մայրամուտներով դուք կհիանաք դիջեյյան սեթերի ներքո և Rock Bar բարի բարմենների ֆիրմային կոկտեյլները համտեսելով։
ՖՐԱՆՍԻԱ, ՓԱՐԻԶ, PLAZA ATHENEE ՀՅՈՒՐԱՆՈՑ
Ամենաշքեղ փարիզյան հյուրանոցը, որը պատկանում է Dorchester Collection ցանցին, իրենից ներկայացնում է Ֆրանսիայի համար դասական դարձած պատմություն՝ ոճ, շքեղություն, նրբագեղություն։ Հարմարավետ բացօթիկները, որտեղ հյուրանոցի հյուրերին առաջարկում են քաղաքի լավագույն նախաճաշը, նման են զբոսաշրջային բացիկների՝ տեսարան դեպի Էյֆելյան աշտարակը, ծաղիկներ, կրուասաններ և կատարյալ սպասարկում։
ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՄՈՍԿՎԱ, O2 LOUNGE
Մոսկվայի լավագույն բարերից մեկը գտնվում է The Ritz-Carlton Moscow հյուրանոցի տանիքին։ Մայրաքաղաքի գեղեցկագույն բացօթիկից բացվում է տեսարան դեպի Կրեմլը և Կարմիր հրապարակը։ Իսկ սեզոնային թարմացումները և հայեցակարգի փոփոխությունները այս վայրի վրա միայն դրական ազդեցություն են թողնում․ այս ամռանը ֆիրմային գլանափաթեթներին և ծովամթերքային սեթերին փոխարինելու կգա նոր սեզոնին նորաձև դարձած պերուական խոհանոցը։
ԱՄԷ, ԴՈՒԲԱՅ, 360 DEGREES
Դուբայում այս բարը անվանում են պարզապես «360»։ Այնտեղ կարելի է հասնել Jumeirah հյուրանոցից հատուկ բագգիներով, որոնք անցնում են տախտակամածով․ բարը վեր է խոյանում հենց ջրից։ Ինչպես հետևում է անունից՝ բարի պանորաման բացվում է նրա յուրաքանչյուր կետից դեպի հայտնի Առագաստ հյուրանոցը՝ Դուբայի գլխավոր խորհրդանիշը։
ԻՍՊԱՆԻԱ, ԻԲԻՑԱ, CAFE DEL MAR
Չի կարելի ասել, որ Իբիցայի ամենահայտնի սրճարան-բարից բացվում է որևէ ֆանտաստիկ տեսարան, բայց հենց այստեղ են մեծ հոսքով գալիս զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից։ Բանն այն է, որ ափամերձ բացօթիկով սովորական սրճարանը, որտեղ երաժշտության ներքո հյուրերը հետևում են գեղեցիկ մայրամուտներին, դարձել է բրենդ, իսկ լաունջ երաժշտության մեջ նույնիսկ ձևավորվել է առանձին ուղղություն, որը կրում է «Կաֆե դել մար» անվանումը։