Օրեցօր ավելանում են միայնակ ճանապարհորդող կանայք․ որտե՞ղ են նրանք մեկնում և ինչո՞ւ

Միայնակ ճանապարհորդող կանանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է տղամարդկանց թվին՝  63% և  37%։

2017 թվականին միայնակ ճանապարհորդող մարդկանց թիվը աճել է։ Ընդ որում՝ կանայք կրկնակի շատ են, քան տղամարդիկ։ Այդ մասին վկայում է Բրիտանական  101 Singles Holidays օնլայն գիդի անցկացրած ուսումնասիրությունը։

Ըստ փորձագետների տվյալների՝ անցյալ տարի միայնակ ճանապարհորդության է մեկնել Մեծ Բրիտանիայի  62 656 քաղաքացի, ինչը 14%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից։ Ամենահայտնի ուղղությունները եղել են Իտալիան, Հունաստանը և Իսպանիան։ Բացի այդ, նկատվում է Հնդկաստանի և Շրի Լանկայի հանդեպ հետաքրքրության աճ։ Առավել հաճախ սոլո ճանապարհորդության մեկնում են կանայք։ Նրանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է տղամարդկանց թվին՝  63% և  37%։ Հետաքրքիր է, որ դեռևս երեք տարի առաջ այդ հարաբերակցությունը  58% և 42% էր՝ համապատասխանաբար։

Կին ճանապարհորդ

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ միջին տարիքը, երբ բրիտանացիները որոշում են ճանապարհորդել առանց ուղեկցի,  57 տարեկանն է։ Այդ տվյալները լիովին համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վիճակագրության համաձայն՝ միայնակ ճանապարհորդող կանանց թիվը 2010 թվականի համեմատ աճել է  78%-ով։ Ընդ որում, 50+ տարիքի մարդիկ սկսել են սոլո ճանապարհորդություն իրականացնել 46%-ով ավելի շատ։

Ակնկալվում է, որ 2018 թվականին  միտումը կշարունակվի, և սոլո ճանապարհորդների թիվը կավելանա 11%-ով, համենայնդեպս՝ Մեծ Բրիտանիայում։

Հոգեբանների կարծիքով՝ առանց գիդի, խմբերի և նույնիսկ ընտանիքի անդամների ուղեկցության հանգիստը ունի իր պլյուսները։ Դրանց թվում են շրջակայքի հետ հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորությունը, յուրօրինակ զգայական փորձը, ինչպես նաև՝ ինքդ քեզ ու ներաշխարհդ ճանաչելու  հնարավորությունը։

You might also like