Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մարտի 19-22-ին հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Մոսկվայում կայանալիք MITT Tourism Show միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, այս մասին գրում է azatutyun.am-ը:
MITT-ն Ռուսաստանի ամենամեծ տուրիստական ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 198 երկրներից շուրջ 1800 ընկերությունների մասնակցություն: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 37 հազար այցելու:
Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ՝ ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ ռուսերենով: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը` առավելագույնս իրացնելով զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը: