Արդարադատության նախարարությունը կասեցրել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

Ավելի վաղ նախարարությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ավելի վաղ նախարարությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:

Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հայտարարել էր, որ սկսած 2018-ի ապրիլի 2-ից Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի մուտքի արտոնագրի (վիզա) համար դիմումները կընդունվեն «Վիզամետրիկ» կենտրոնի կողմից։

You might also like