Այս տարվա վերջին շաբաթում՝ Սուրբ Ծնունդի և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում, Բեռլին կայցելի 2 միլիոն մարդ: Նրանք կլինեն և′ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են տոները նշելու (այդ թվում՝ մեկ օրով), և′ մարդիկ, ովքեր այցելում են իրենց ընկերներին, և′ տարանցիկ ուղևորները: Նման կանխատեսում արել է գերմանական մայրաքաղաքի տուրիստական գրասենյակը: Այդ օրերի գլխավոր իրադարձություններից մեկը կդառնա ավանդական ամանորյա շոուն Բրանդեբուրգյան դարպասների մոտ:
Ակնկալվում է, որ այստեղ ամանորը դիմավորելու կգա 800 հազարից մեկ միլիոն Բեռլինի բնակիչ և հյուր: Մի քանի ժամանոց շոուին կմասնակցեն շուրջ 250 երաժշտական կատարողներ, այդ թվում՝ Բոնի Թայլերը, Քեյթ Ռայանը, «Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Լորինը և Pet Shop Boys խումբը: Ուղիղ կեսգիշերին կսկսվի Եվրոպայի ամենաշքեղ տոնական հրավառություններից մեկը. 11 րոպեների ընթացքում երկինք բաց կթողնվի 6 հազար հրթիռ:
Գերմանիայի մայրաքաղաքը համարվում է Եվրոպայի ամենագրավիչ երրորդ քաղաքը՝ զիջելով միայն Լոնդոնին և Փարիզին: Համեմատության համար նշենք, որ Մոսկվա տարեկան գալիս է 5 միլիոն զբոսաշրջիկից ոչ ավել: Ամբողջ Եվրոպայում ամանորին ամրագրված հյուրանոցների 13%-ը բաժին է հասնում Բեռլինին: Իսկ այժմ Բեռլինի հյուրանոցներում՝ հոսթելներից սկսած մինչև հինգաստղանի հյուրանոց, գրեթե ազատ տեղ չկա: