Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կասկածվում է խարդախության մեջ. նրա երկու աշխատակիցները դատի են տվել թանգարանի ղեկավարությանը մուտքի տոմսի գնի հարցում այցելուներին շփոթության մեջ գցելու մեղադրանքով: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ Մետրոպոլիտենի աշխատակիցները վրդովված են. շատ այցելուներ վստահ են, թե մեծահասակների համար մուտքի տոմսի 25 դոլար արժեքը պարտադիր է, մինչդեռ այն, իրականում, ինքնակամ նվիրատվություն է թանգարանին, այսպես կոչված, տոմսի «ցանկալի» արժեքը: Թոշակառուների և ուսանողների համար արժեքը ավելի ցածր է: Թեոդոր Գրյունեվալդը և Պատրիսիա Նիկոլսոնը, ովքեր հայց են ներկայացրել դատարան, ուսումնասիրություն են պատվիրել, որից պարզ է դարձել, որ թանգարանի այցելու-հարցվածների 85%-ը իսկապես չեն իմացել, որ կարող են չվճարել նշված գումարը: Հայցվորները պահանջում են, որ թանգարանը հրաժարվի ցանկացած վճարումից: Մետրոպոլիտենում հայցը համարել են «դատարկություն»:
Մետրոպոլիտենը աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկն է, որը բացվել է 1872 թվականին: Սկզբում, իշխանությունների հետ կնքած պայմանագրի համաձայն, այն շաբաթվա մի քանի օրերին պետք է աշխատեր անվճար, բայց 1970 թվականին ուժի մեջ մտավ մեկ այլ համաձայնագիր, որի համաձայն՝ թանգարանը կարող է մուտքի համար ստանալ որոշակի գումար, բայց դրա չափը պետք է որոշի այցելուն՝ ինքը: Այդ ժամանակ տոմսարկղերի մոտ հայտնվեց նման ցուցանակ. «Վճարեք որքան ցանկանում եք, բայց վճարել պետք է»: Հիմա համալիրի մուտքի մոտ գրված է, որ մուտքի տոմսն արժե 25 դոլար, իսկ տեղեկատվությունն այն մասին, որ դա «ցանկալի» գինն է, տպված է շատ մանր տառաչափով: