Ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին Բարսելոնայում կբացի ռեստորան, որը կունենա հազար քառակուսի մետր մակերես։ Ինչպես գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Regio7 պարբերականի հաղորդագրությանը, հաստատությունը կկոչվի Bellavista del Jardin del Norte։
Ֆուտբոլիստի հետ ռեստորանի համասեփականատեր կդառնա նաև նրա ավագ եղբայրը՝ Ռոդրիգո Մեսսին, ինչպես նաև՝ հայտնի ռեստորատորներ Իգլեսիաս եղբայրները։ Հաստատությունը տեղ կգտնի Enric Granados, 86 հասցեում և կկառուցվի փոքրիկ քաղաքի տեսքով։ Այն կունենա հրապարակ, այգիներ, կիոսկներ, բարեր։ Նշվում է, որ յուրահատուկ ոճով ձևավորված ամեն սրահում կմատուցվեն տարբեր խոհանոցների ուտեստներ։ Սեփականատերերը մտադիր են աշխատանքի հրավիրել Միշլենի աստղ ունեցող խոհարարների։
Ռեստորանում հնարավոր կլինի ֆիլմեր և ֆուտբոլային հեռարձակումներ դիտել, խաղալ վիդեոխաղեր, գրքեր կարդալ գրադարանում և համտեսումներ անցկացնել։ Դրա տարածքում կգործի նաև դիսկոտեկ։ Բացի այդ, այցելուները կարող են տեսնել ֆուտբոլիստի մրցանակների կրկնօրինակները։
Մեսսին միակ հայտնին չէ, որ իր կարիերային զուգընթաց զբաղվում է նաև բիզնեսով։ Travelnews.am-ն արդեն ներկայացրել է իր ընթերցողներին այն հայտնիների ցանկը, ովքեր զբաղվում են հյուրանոցային բիզնեսով։