Տղամարդիկ հրաժարվել են կանանց հետ ինքնաթիռ նստել
Ուղևորը նաև պատմել է, որ տղամարդկանցից մեկն «այնքան ճգնավոր է եղել», որ չի բացել աչքերը ամբողջ թռիչքի ընթացքում, որպեսզի չտեսնի կանանց։
Իսրայելյան El Al ավիաընկերության չվերթը մեկ ժամով հետաձգվել է այն պատճառով, որ տղամարդիկ ինքնաթիռում չեն ցանկացել նստել կանանց կողքին։ Այդ մասին հայտնում է News.com.au-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքից Թել Ավիվ թռչող ինքնաթիռում։ Չորս ուլտրաուղղափառ հրեաները հրաժարվել են նստել Ամերիկայից և Իսրայելից երկու ուղևորուհիների հարևանությամբ։
«Բորտուղեկցորդուհիները փորձում էին հարթել իրավիճակը, բայց չէր հաջողվում, քանի որ նրանք ևս կին էին։ Տղամարդիկ հրաժարվում էին ոչ միայն խոսել նրանց հետ, այլև՝ նայել նրանց դեմքին», —Facebook-ում գրել է ուղևորներից մեկը։
«Արական սեռի բոլոր աշխատակիցները, բացի՝ օդաչուից, զբաղված էին այդ խնդրով՝ ինքնաթիռը թռիչքին պատրաստելու փոխարեն», —հավելել է նա։
Արդյունքում, երկու ուղևորուհիները ստիպված են եղել փոխել իրենց տեղը։