Բրիտանական Daily Mail պարբերականը կազմել է ամենատարօրինակ պատճառների ցանկ, որոնցով ինքնաթիռների ուղևորներին հանել են թռիչքից։
Թերթը օրինակ է բերել մի դեպք, որը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերին, երբ կինը խոզի հետ փորձել է թռչել US Airways ավիաընկերության ինքնաթիռով։ Ուղևորին հեռացրել են ինքնաթիռից այն բանից հետո, երբ կենդանին սկսել է աղմկել և թավալվել հատակին։ 2013 թվականի մայիսին American Airlines-ի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Կանզասում մի ուղևորուհու վարքի պատճառով։ Կինը հրաժարվել է դադարել երգել Ուիթնի Հյուսթոնի I Will Always Love You հիթը։ Այս դեպքը ևս ընդգրկված է ցանկում։
Պարբերականը հիշեցնում է, որ 2011 թվականի սեպտեմբերին Green Day խմբի վոկալիստ Բիլլի Ջո Արմստրոնգին հեռացրել են ինքնաթիռից անպատշաճ տեսքի պատճառով։ Նրա տաբատը չափից շատ իջեցված է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Southwest Airlines-ի ինքնաթիռում։ Բացի այդ, ամերիկյան Horizon Air ավիաընկերության ուղևորին 2011 թվականի մարտին հեռացրել են ինքնաթիռից շատ երկար ոտքերի պատճառով։ Բորտուղեկցորդների խոսքերով՝ շուրջ երկու մետր հասակով տղամարդը արգելափակել է անցումը։ Նրան այլ տեղ տեղափոխել հրաժարվել են։ Ավելի ուշ ավիաընկերությունը ներողություն է խնդրել այս միջադեպի համար։
Daily Mail-ի ցանկում ընդհանուր առմամբ տեղ են գտել ինը զվարճալի միջադեպ։