Միապաղաղ ձմեռվանից հետո քաղցած և տեսարժան վայրերի կարոտ զբոսաշրջիկները ձգտում են իրենց քաղցը հագեցնել՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների, այդ պատճառով մայիսը ոչ պաշտոնապես կարող ենք անվանել մեծ սննդի ամիս: Սկսած վիսկիից և պանրի որոնումներից մինչև ֆլորենտիական պաղպաղակ, Ուեֆայի ժամանակ ըմպած գարեջրից մինչև շոմպայն. ընտրեք՝ ըստ ախորժակի:
Պաղպաղակի փառատոն Ֆլորենցիայում
17–26 մայիս, Ֆլորենցիա, Իտալիա
Մինչ Հայաստանում եղանակային տատանումներ են, Իտալիայում արդեն լիարժեք պաղպաղակ են ուտում, որպեսզի դիմանան տապին: Պատահական չէ, որ հենց Ֆլորենցիան է դարձել պաղպաղակային աշխարհի գլխավոր փառատոնի հրապարակը. հենց այստեղ է 1536 թվականին ծնվել Բեռնարդո Բուանտալենտին՝ գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բեմանկարիչ և կաթից, մեղրից, ձվի դեղնուցից, գինուց, բերգամոտից, նարինջից և կիտրոնից պատրաստված քաղցր աղանդերի համահեղինակ: Բացի անվերջանալի պաղպաղակները համտեսելուց՝ փառատոնին նաև կարելի է հետևել պատրաստման գործընթացին, սովորել մատուցման վարպետությունը, ծանոթանալ տեխնոլոգիական նորամուծություններին, փորձել նոր համեր և շահել համեղ մրցանակներ սիրողական մրցույթներում: