«Մարսելը 2013 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ֆրանսիական քաղաքում նախատեսվում է բացել նոր թանգարաններ և մշակութային կենտրոններ, իսկ այդ ամենին մասնակից կլինեն անվանի նկարիչներ և դերասաններ: Ընդհանուր առմամբ, 2013 թվականին Պրովանսում, որի մայրաքաղաքը համարվում է Մարսելը, տեղի կունենա 400 միջոցառումներ, այդ թվում` 60 ցուցահանդեսներ և հարյուրավոր համերգներ: Մարսելի, որպես մշակութային մայրաքաղաք, տարվա բացումը կլինի հունվարի 12-ին և 13-ին: Արարողությունը կանցկացվի Էքս ան Պրովանսում, նրան կհաջորդի ավիաշոուն: Մարսելի բոլոր եկեղեցիներում հունվարի 13-ի երեկոյան կհնչեն զանգեր, նավահանգստի նավերից կլսվեն կրակոցներ, իսկ քաղաքի երկինքը կլուսավորի հրավառությունը:
Միջոցառումների ծրագրերից, որոնք նախատեսված են մեկ տարվա համար, ամենավառը կդառնա Grande atelier du midi-ն, որը իր մեջ ներառելու է XX դարի նկարիչների խոշորագույն աշխատանքները` «Ռոդենը և հնությունը», «Պիկասսոյի կերամիկան»: Հյուրերին սպասվում է նաև խոհարարական փառատոն, որին հրավիրված կլինեն Ֆրանսիայի ամենահայտնի ավագ-խոհարարները. հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2012 թվականին Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը դարձել է պորտուգալական Գուիմարեյշը (Guimaeres) և սլովենական Մարիբորը: 2013 թվականին, բացի Մարսելից, այդ տիտղոսին արժանացել է նաև Սլովակիայի Կոշիցեն, իսկ 2014 թվականին կլինեն Շվեդիայի Ումեոն և Լատվիայի մայրաքաղաք Ռիգան: