Մադրիդը հրավիրում է Gastrofestival-ի, որը տեղի կունենա հունվարի 24-ից փետրվարի 9-ին: Այդ օրերին Իսպանիայի մայրաքաղաքը կվերածվի խոհարարության համաշխարհային մայրաքաղաքի և կառաջարկի բազմաթիվ միջոցառումներ համեղ սննդի սիրահարների համար. հայտնում է Spain Info-ն:
Մի շարք մադրիդյան ռեստորաններ պատրաստել են հատուկ ճաշացանկ: Նաև նախատեսվում են խոհարարական վարպետության դասեր և թեմատիկ ցուցահանդեսներ: Առավել հետաքրքիր միջոցառումներից մեկն է համարվում XIX դարի հայտնի ուտեստներին նվիրված վարպետության դասը: Այցելուներին կպատմեն այդ ժամանակաշրջանի խոհարարական ավանդույթների մասին և կսովորեցնեն պատրաստել հին բաղադրատոմսերով:
Փառատոնի շրջանակներում մի քանի միջոցառումներ էլ նվիրված կլինեն խոհարարության` գրականության և կինոյի հետ ունեցած կապին: Հատուկ էքսկուրսիաներ, նվիրված քաղցրավենիքին և գինուն, կազմակերպել է Պրադո թանգարանը: Փառատոնի մասին մանրամասներ կարելի է իմանալ EsMadrid.com կայքում: