«Made in Artsakh» — Ստեփանակերում արցախյան արտադրության ապրանքների խանութ է բացվել
2018թ․ մարտի 1-ին Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի սրահի առաջին հարկում բացվել է արցախյան արտադրության ապրանքների մասնագիտացված խանութ
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը պատկանում է «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա»-ին:
Միջոցառմանը ներկա Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ասել է, որ նման նախաձեռնությունները թե՛ Արցախում, թե՛ Արցախի սահմաններից դուրս հնարավորություն են տալիս ներկայացնելու տեղական արտադրանքը:
«Անշուշտ տեղական արտադրությունն ավելի նախապատվելի է: Այն հանդիսանում է տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացման հենք: Ուզում եմ շնորհավորել նախաձեռնության հեղինակներին: ԱՀ կառավարությունը, երկրի իշխանությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում գործող ծրագրերի բնականոն աշխատանքը և աջակցում այդ ծրագրերին, ինչպես նաև մասնակցում նոր գաղափարներ ստեղծող անհատների ծրագրերի իրագործմանը»,- մասնավորապես նշել է Լ. Գրիգորյանը:
Խանութում առանձին տաղավարով ներկայացված է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կողմից արտադրված պահածոների տեսականին: