Մաչու Պիկչուն ավելի գրավիչ է, քան Չինական Մեծ պատն ու Բուրջ Խալիֆան
Ինկերի հնագույն քաղաքը արժանացել է World Travel Awards մրցանակի։
Հնագույն Մաչու Պիկչու քաղաքի ավերակները ճանաչվել են լավագույն տեսարժան վայրն աշխարհում 2017 թվականին։ Պերուի տարածքում գտնվող այս կուլտային վայրը ստացել է World Travel Awards հեղինակավոր մրցանակ։
XV դարի կեսերին կառուցված ինկերի հնագույն քաղաքը արժանացել է World Travel Awards մրցանակին «Համաշխարհային զբոսաշրջային տեսարժան վայր» անվանակարգում։ Մաչու Պիկչուն լավագույնն է ճանաչվել ևս ութը նոմինանտների մեջ։ Նրա հետ մրցակցել են Դուբայի 828 մետր բարձրությամբ Բուրջ Խալիբա երկնաքերը, Չինական Մեծ պատը, Տանզանիայի Կիլիմանջարո լեռը, Իռլանդիայի Սպայկ կղզին։
Հաղթանակի համար պայքարել են նաև Աբու Դաբիի Ferrari World թեմատիկ այգին, Ֆիլիպինների մայրաքաղաքում գտնվող հնագույն Ինտրամուրոս թաղամասը, Լաս Վեգաս Սթրիփ ճեմուղին և Ռիո դե Ժանեյրոյի «Շաքարե գլուխ» լեռը։
Մաչու Պիկչու քաղաքի մուտքն արժե 47 դոլար։ Տոմսը կարելի է ձեռք բերել տեսարժան վայրի պաշտոնական կայքում։ Հավելենք, որ ճարտարապետական համալիրի պահպանության նպատակով ամեն օր այստեղ թույլատրվում է առավելագույնը 2 500 զբոսաշրջիկի մուտք։