Lumzag — սմարթ պայուսակ, որն ապահովում է իրերի անվտանգությունը
Չնայած խելացի պայուսակների շուկան հագեցած է՝ Lumzag-ն առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ
Lumzag-ը ոչ միայն նորաձև, այլեւ խելացի պայուսակ է, որը թույլ է տալիս օրվա հագեցած իրադարձություններին զուգահեռ անհրաժեշտ իրերն ինչ-որ տեղ չմոռանալ, չկորցնել ու չանհանգստանալ դրանց անվտանգության համար։
Չնայած խելացի պայուսակների շուկան հագեցած է՝ Lumzag-ն առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ։ Պայուսակն ունի իր օնլայն հավելվածը, որը ներբեռնելուց հետո անհրաժեշտ բոլոր ծանուցումներն այն ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին կամ խելացի ժամացույցին։
Յուրահատկություններ
Lumzag-ն ունի ինչ-որ տեղ մոռացված իրերի մասին ծանուցում ուղարկելու, պայուսակը բացելու կամ գողանալու դեպքում` «ահազանգելու», նոթբուքի, հեռախոսի կամ այլ տեխնիկայի մարտկոցները լիցքավորելու, մթության մեջ պայուսակի ներսը ավտոմատ լուսավորելու, Wi-Fi տարածելու, GPS-ով պայուսակին հետևելու, ներկառուցված տեսախցիկով շրջակայքը դիտարկելու հնարավորություններ։
Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Արմեն Պողոսյանը նշում է. «Շատ է պատահել, որ հասել եմ գրասենյակ ու նկատել, որ ինչ-որ կարեւոր բան եմ մոռացել ու մտածել՝ ինչո՞ւ չկա նման բաները հիշեցնող համակարգ։ Բացի այդ, արտերկրում կոնֆերանսների ժամանակ հաճախ էր լինում մտահոգություն՝ ո՞ւր թողնել պայուսակը, որի մեջ կան կարեւոր փաստաթղթեր ու իրեր»։
Արդյունքում՝ որոշեցին նախագծել պայուսակ, որն օգտատիրոջը ծանուցում է ուղարկում այն ժամանակ, երբ որեւէ իր մոռանում է վերցնել, օրինակ` տնից կամ գրասենյակից դուրս գալիս։ Հավելվածում օգտատերը նշում է այն իրերը, որոնք սովորաբար լինում են պայուսակում, ցանկացած ժամանակ ավելացնում կամ պակասեցնում ցանկը, դրան համապատասխան` պայուսակը ստուգում է այդ իրերի առկայությունը եւ բացակայության դեպքում տեղեկացնում։ Ամենաշատ կիրառվող իրերը պայուսակում ունեն իրենց մշտական տեղը, ու երբ դրանցից մեկը բացակայում է, պայուսակը տեղեկացնում է այդ մասին՝ հեռախոսին ծանուցում ուղարկելով։ Մնացած բոլոր իրերի վրա անհրաժեշտ է փակցնել հատուկ տարբերակիչ նշաններ, որոնց շնորհիվ պայուսակը տարբերակում է իրերն ու արձագանքում, երբ դրանք պայուսակում չեն լինում։
Պայուսակն ապահովում է դրանում եղած իրերի անվտանգությունը։ Երբ մարդը պայուսակը թողնում է, օրինակ, ինչ-որ սենյակում ու գնում մեկ այլ տեղ, հավելվածով ակտիվացնում է «անվտանգության համակարգը», ինչի շնորհիվ էլ ծանուցում է ստանում այն ժամանակ, երբ որեւէ մեկը փորձում է բացել պայուսակը կամ այն տեղափոխել ավելի հեռու։ Բացի այդ, կարելի է ակտիվացնել պայուսակի «ահազանգի» հնարավորությունն ու, երբ այն հեռացնեն նշված տեղից, պայուսակը բարձր ձայներ կհանի ու կգրավի շրջակայքում եղած մարդկանց ուշադրությունը։
Պայուսակը կորցնելու, ինչ-որ տեղ մոռանալու դեպքում հնարավոր է նաեւ Lumzag-ի GPS tracker-ի շնորհիվ հետեւել ու տեսնել, թե որտեղ է այն տվյալ պահին, կամ դեպի ուր են տեղափոխում։ Այս գործառույթի համար Lumzag-ի թիմը համագործակցել է մեկ այլ հայկական ստարտափի՝ HelloSim-ի հետ: Նախագծել են նոր լուծում, որի շնորհիվ GPS tracking-ը կատարվում է նույնիսկ առանց ինտերնետ կապի։
HelloSim-ի հետ համագործակցության արդյունքում պայուսակի օգտատերերն ունեն նաեւ խելամիտ արժեքով ինտերնետի հասանելիություն։ Պայուսակը տարածում է նաեւ Wi-Fi ու, ինչպես նշում է ստարտափի համահիմնադիր Լիանա Հովհաննիսյանը, հատկապես զբոսաշրջիկներին ազատում անընդհատ ինչ-որ տեղ ինտերնետ փնտրելու ու, օրինակ, օնլայն քարտեզներն ակտիվացնելու խնդրից։
Պայուսակը նախատեսված է նաեւ համակարգչի, հեռախոսի եւ անհրաժեշտ մյուս տեխնիկական միջոցների մարտկոցները լիցքավորելու համար։ Պայուսակի ներսում կան գրեթե բոլոր համակարգիչների համար նախատեսված լիցքավորման լարեր, իսկ հեռախոսի համար ստեղծված է անլար լիցքավորման համակարգ։ Պայուսակն ունի նաեւ իր վրա արեւային էներգիայի վահանակ ամրացնելու հնարավորություն, ինչը ստարտափի թիմն առաջարկում է որպես այլընտրանք՝ լիցքավորումն իրականացնելու համար։
Lumzag-ը հետաքրքիր գործառույթ ունի բոլոր նրանց համար, ովքեր միշտ դժվարանում են մթության մեջ պայուսակում ինչ-որ բան գտնել կամ մեծ ջանքեր են գործադրում դրա համար։ Երբ մթության մեջ բացում ես պայուսակը, ներսն ավտոմատ լուսավորվում է։ Լեդ լույսերը նախագծված են այնպես, որ լուսավորվում է միայն պայուսակի ներսը, ու լույսը չի խանգարում շրջակա միջավայրին։
Անվտանգություն
Անվտանգության տեսանկյունից պայուսակը արտաքին հատվածում ունի նաեւ ներկառուցված փոքրիկ տեսախցիկ։ Երբ պայուսակը մեջքին է, հնարավոր է հեռախոսով հետեւել՝ ինչ է կատարվում ետեւում կամ, օրինակ, ով է փորձում մոտենալ։ Այն նաեւ օգտակար է հեծանվորդների համար, ովքեր հեշտությամբ հետեւում են երթեւեկությանը։ Lumzag-ի թիմը պատրաստվում է արտադրել նաեւ պայուսակի՝ առանց նկարահանող սարքի տարբերակն այն երկրների համար, որտեղ առանց զգուշացման նկարահանելն արգելվում է։
Lumzag-ն ունի եւս մեկ կարեւոր առավելություն՝ տեխնիկական տեսանկյունից ամեն ինչ տեղավորված է փոքր խելացի տուփի մեջ։ Այժմ օդանավակայանի անվտանգության անցակետում պահանջում են հանել ամբողջ տեխնիկան ու շատ խելացի պայուսակների դեպքում մարտկոցը ներկառուցված է պայուսակին, ինչի պատճառով վերջինս չեն կարողանում երկրից երկիր տեղափոխել, իսկ Lumzag-ի խելացի տուփն իր մեջ ներկառուցած մարտկոցի հետ միասին հնարավոր է հեշտությամբ դուրս հանել պայուսակից, անցնել անվտանգության անցակետով ու նորից տեղադրել պայուսակում։
Պայուսակի դիզայնն արված է Հայաստանում։ Կա երկու հիմնական տեսակ. մեկը` կաշվի եւ Carbon Fiber- ի, իսկ մյուսը՝ Carbon Fiber-ի եւ նեյլոնի համադրությամբ։ Երկու դեպքում էլ պայուսակը ջրակայուն է։ Lumzag-ի հիմնադիրները համագործակցում են նորարարական ընկերությունների հետ եւ ընտրել են, իրենց կարծիքով, լավագույն նյութերը՝ հնարավորինս հարմար, դիմացկուն ու գեղեցիկ պայուսակ ստանալու համար։ Պայուսակն ունի անլար լիցքավորման հնարավորություն՝ կարելի է լիցքավորել միայն պայուսակն ու դրա միջոցով միաժամանակ լիցքավորել անհրաժեշտ տեխնիկական միջոցների մարտկոցները։
Ստարտափի թիմը 2018 թվականի հունվարին մասնակցել է Լաս Վեգասում անցկացվող աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներց մեկին՝ Consumer Electronic Show-ին, որտեղ հանդիպել է պայուսակի հնարավոր գնորդներին, նրանց կարծիքների հիման վրա կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու վերջերս սկսել Lumzag-ի քրաուդֆանդինգ արշավը։ Պայուսակի` ամբողջությամբ գործող նախատիպն արդեն պատրաստ է, եւ թիմը մտադիր է սեպտեմբերին սկսել պայուսակի մեծաքանակ արտադրությունը, իսկ դեկտեմբերին առաքել բոլոր այն մարդկանց, ովքեր նախապես գնել են այն։ Այս ամբողջ գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նախատեսում են ավելացնել նոր գործառույթներ կամ նախագծել նմանատիպ կիրառական նոր իրեր։
Crowdfunding-ի մասին մանրամասն այստեղ