Ձմեռային տոների շրջանում Lufthansa ավիաընկերությունը առաջարկում է ուղևորներին հատուկ ճաշացանկ, որը կօգնի նրանց ընկղմվել ամանորյա տրամադրության մեջ: Առաջին և բիզնես դասերում երկար չվերթների ժամանակ Գերմանիայից բորտուղեկցորդները, ամանորյա ավանդույթի համաձայն, կառաջարկեն հյուրասիրվել խորոված սագի մի կտոր՝ կարմիր կաղամբով և կարտոֆիլե գնդերով: Ինչպես հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը՝ ավստրիացի ավագ խոհարար Ջոհաննա Մայերը (Johanna Maier) Lufthansa-ի ուղևորների համար կստեղծի նախատոնական ուտեստներ՝ «Բարի գալուստ ձմեռային Ալպերից» թեմայով, որոնց կավելացվի տաքացնող համեմունքներ, ինչպիսիք են՝ դարչինը, մեխակը, իմբիրը, սև պղպեղը, չիլին և կարին: Ինչպես նաև, ուղևորներին կառաջարկվի ամանորյա քաղցր բլիթներ և լիկյոր՝ որպես դիջեսթիվ:
Այս տարի Lufthansa -ն իր ինքնաթիռներում կառաջարկի ավելի քան 327 հազար շոկոլադե սալիկ, 300 հազար բլիթներով զամբյուղ, ամանորյա պաշտետների 100 հազար չափաբաժին և շատ այլ խոհարարական անակնկալներ: Իսկ ամանորյա զարդարանքը մոմերով, որը տեղադրված կլինի ինքնաթիռի առաջնամասում, կլրացնի տոնական մթնոլորտը: Բացի այդ, դեկտեմբերի 17-ից 24-ը ընկած ժամանակահատվածում բոլոր երթուղիների և դասերի ուղևոր-երեխաները Lufthansa-ից կստանան խաղալիքներ՝ ամանորյա կախարդական եղնիկ:
Lufthansa -ի սպասասրահները նույնպես զարդարված են տոնական: Առաջին դասի սպասասրահում սպասող ուղևորները կարող են հյուրասիրվել մարցիպանե կոնֆետներով և նուգայով: Կաթոլիկ Սուրբ Ծնունդի նախօրեին Business և Senator սպասասրահների հյուրերը կհամտեսեն ավանդական գերմանական ստոլեներ (ամանորյա թխվածքներ), մեղրաբլիթ, կարամելով նուշ և այլ ամանորյա անուշեղեն և խմիչք: Մյունխենի օդանավակայանի առաջին դասի սպասասրահում հյուրերը նույնիսկ կարող են այցելել ձմեռային հյուրասիրության տաղավար՝ ձևավորված ամանորյա տոնավաճառի ոճով:
Ընդհանուր առմամբ տոների ամբողջ ընթացքում Lufthansa-ն սպասասրահի այցելուներին կնվիրի շուրջ 98 հազար ոսկե շոկոլադե մետաղադրամներ, տոնածառի 50 հազար խաղալիք և 30 հազար շոկոլադե Սանտա Կլաուս: