Այսօր Վրաստանի` մեծությամբ երկրորդ Քութայիսի քաղաքի նորակառույց օդանավակայան է Կիևից ժամանել հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողի ինքնաթիռը:
Կիեւի օդանավակայանից Քութայիսի թռիչքի համար ուղեւորները վճարել են ընդամենը €23՝ ներառյալ բոլոր հարկերը:
Ինքնաթիռը դիմավորել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հաղորդում է RBC-ն:
Ըստ նախագահի, նոր օդանավակայանը բազա կդառնա ցածրաբյուջետային ավիափոխադրողների համար, ինչը Վրաստանն ավելի հասանելի կդարձնի եվրոպացիներին, իսկ Եվրոպան՝ ավելի հասանելի Վրաստանի բնակիչներին:
«Այս օդանավակայանով մենք էժան թռչելու ենք Եվրոպա և Ասիա: Քութայիսիով մենք թռչելու ենք, մասնավորապես, Հունգարիա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Թել-Ավիվ, Մոսկվա, Մինսկ եւ Կիեւ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Ակնկալվում է, որ մոտ ապագայում Քութայիսիի օդանավակայան կսկսեն թռչել բելառուսական Բելավիա եւ ռուսաստանյան Սիբիր ավիաընկերությունները, որոնք կկապեն քաղաքը Մինսկի եւ Մոսկվայի հետ:
Հայաստանում Եվրոպայում լայնորեն տարածված բյուջետային ավիափոխադրողներ դեռեւս չեն աշխատում: Դեպի Հայաստան եւ Հայաստանից ավիատոմսերը ամենաթանկերից են տարածաշրջանում: | Աղբյուրը՝ MediaMax.am