Փարիզի և աշխարհի ամենահայտնի պատկերասրահներից մեկը՝ Լուվրը, սահմանել է հաճախումների նոր ռեկորդ. 2012 թվականի ընթացքում թանգարան է այցելել շուրջ 10 միլիոն մարդ: Այցելուների քանակը ավելի քան մեկ միլիոնով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը՝ 8.8 միլիոն մարդ: Թանգարանի վարչակազմը կարծում է, որ դա հնարավոր եղավ նոր թևի բացման շնորհիվ, որը նվիրված է մահմեդական արվեստին, որից ներկայացված է ավելի քան երեք հազար ցուցանմուշ:
Բացման պահից սկսած նոր թև է այցելել 650 հազար մարդ: Բացի այդ, այս տարի 29%-ով ավելացել է ժամանակավոր ցուցադրություններին այցելող մարդկանց թիվը: Ամենահաջողված ցուցադրություններից մեկը «Ուշ Ռաֆայելն» է, որը կազմակերպել էր Մադրիդյան Պրադոն: Այն կտևի մինչև հունվարի 14-ը: Հարկ է նշել, որ համաշխարհային թանգարանների վարկանիշում առաջատար դիրքը Լուվրը պահպանում է արդեն մի քանի տարի: Անցյալ տարի ցուցակում նրան հաջորդում էին Նյու Յորքի Մետրոպոլիտենը, որի հաճախումների քանակը առաջին անգամ անցել էր 6 միլիոնից, և Բրիտանական թանգարանը, որտեղ այցելել է 5.8 միլիոն մարդ. գրում է Lenta.ru-ն: