Լոռվա մարզն ամբողջովին ձոր է ու բարձունք: Քաղաքներն ու գյուղերը կամ ձորի մեջ են, կամ` բարձունքի վրա: Այդ բարձունքներից մեկի վրա է թաքնված Քոբայրը` 12-13-րդ դարերի Լոռվա հրաշքներից մեկը: Բարձրանալով ոչ այնքան հեշտ ճանապարհով` անհամբերությամբ սպասում ես վանքի հայտնվելուն ու նույնքան անհամբերությամբ էլ սպասում ես, թե ինչպիսին կլինի այն: Ու ահա անսպասելիորեն վեր է հառնում վանական համալիրը, որն ասես թաքցրել է իր գեղեցկությունը վայրի բնության մեջ, ու դրանից ստացվել է ճարտարապետության ու բնության խորհրդավոր ու հաճելի միաձուլում: Զարմանում ես` ինպես են կառուցել, ինչ դժվարությամբ ու քաջությամբ:
Քոբայրի վանքը կառուցել են Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի իշխանները 12-րդ դարում: Ինչպես միջնադարյան շատ ու շատ վանական համալիրներ, այն նույնպես եղել է ժամանակի նշանավոր կրթօջախներից մեկը: 13-րդ դարում այն պատկանել է Զաքարյանների վրացադավան ճյուղին, այստեղից էլ ծագում է անվանումը. քոբ վրացերենից նշանակում է այր:
Քոբայրը աչքի է ընկնում նաև իր որմնանկարներով: Չնայած դրանցից շատերը ժամանակի ավերիչ ուժի ազդեցությունն են կրում, տակավին չեն կորցրել իրենց գրավչությունը և գեղեցկությունը: Որմնանկարներից զատ պահպանվել են նաև խաչքարեր, տապանաքարեր: Բարձունքից, որտեղ Քոբայրն է գտնվում, սքանչելի տեսարաններ են բացվում. դիմացը Ալավերդին է` Դեբետի ափին ծվարած, վանական համալիրի արևմտյան կողմում գտնվում է մի ուղղաձիգ ժայռ, որտեղից ջուր է կաթում, և որտեղի կանաչն ամենագեղեցիկն է: Ժամերով կարող ես մնալ ու լսել ջրի կաթկթոցը: Ներքևում ձորն է: Նրանք, ովքեր վախենում են բարձրությունից, մեկ է, պետք է նայեն ներքև և տեսնեն ձորը, որովհետև այն էլ է բացառիկ գեղեցիկ:
Քոբայրը քեզ պահում է. ժամեր շարունակ չես ուզում հեռանալ այդտեղից: Ինքդ էլ վանքի պես ձուլվում ես բնությանը, մոռացության գիրկն ընկնում: Միաժամանակ զգում ես խորհրդավոր ուժը, որը քեզ պահում է և նույնիսկ իջնելիս ստիպում քեզ անընդհատ հետ նայել:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Նյութը տրամադրել է Regent Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
- 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
- TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am