Հունիսի 10-ին, 11-ին և 12-ին Մեծ Բրիտանիան կնշի Ելիզավետա II թագուհու 90-ամյակը։ Հոբելյանի առթիվ՝ Լոնդոնի և այլ քաղաքների փողոցները կզարդարվեն բրիտանական դրոշներով, իսկ Բուքինգեմյան պալատի երկրնքով կանցնի օդային շքերթ թագավորական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ․ գրում է Daily Mail-ը։
Այս օրերին Լոնդոնում գտնվող զբոսաշրջիկները կարող են կիսել բրիտանացիների ուրախությունն ու հպարտությունը՝ միանալով տոնակատարությանը, տեսնել հեծյալ պահակախմբի երթը, գնել հուշանվերներ՝ նվիրված թագուհուն (այդ թվում կորգի ցեղատեսակի շների աքսեսուարներ, որոնց բուծմամբ տարիներ շարունակ զբաղվում է Նորին Մեծությունը)։ Հոբելյանական թագավորական տարում բրիտանական մայրաքաղաքի թանգարանները այցելուների ուշադրությանն են ներկայացնում թեմատիկ ցուցահանդեսներ։ Շատ փաբեր և այլ հաստատություններ թագուհու ծննդյան օրը դրսում սեղաններ են բացում և անվճար հյուրասիրում անցորդներին։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերունը թույլատրել է փաբերին այդ օրը աշխատել մինչև գիշերվա մեկը (սովորաբար հաստատությունները փակվում են 23:00-ին)։
Ելիզավետա II թագաւհու փաստացի ծննդյան օրը ապրիլի 21-ին է, բայց հին ավանդույթի համաձայն, տոնակատարությունները տեղափոխվում են հունիսին։