Հոկտեմբերի 13-ին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» մրցույթի եզրափակիչ փուլը: Շուրջ 6 ամիս տևած մրցույթը միավորել էր 6-13 տարեկան երեխաների Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից: Այս մրցույթը «Տաթևի դարպասներ» ծրագրի նախագծերից մեկն է:
«Հայաստանում՝ Որոտան գետի կիրճում, ապրում են հեքիաթային փերիները: Նրանց Տաթևիկ են անվանում: Ձմռանը, երբ սարերում ցուրտ է, նրանք թաքնվում են տաք աղբյուրների մոտ: Գարնանը նրանք նորից սկսում են ճախրել, ուրախ թռչում են մի ծառից մյուսը, ծաղկից ծաղկին, մի ամպից մյուսին: Եվ այդ ժամանակ ծառերը սկսում են բողբոջել, առաջին ծաղիկներն արձակում են իրենց թերթիկները, ցրվում են ամպրոպաբեր ապմերը: Նրանք ազատ ճախրում են, իսկ երբ անցնում են կիրճի վրայով, երկնքում ծիածանն է հայտնվում…»,- պատմվում էր մրցույթի հրավերում:
Ներկայացված ավելի քան 400 աշխատանքներն ընտրեց հեղինակավոր ժյուրիին, որը կազմված էր կերպարվեստի և դիզայնի ոլորտի հեղինակավոր մասնագետներից: Մրցույթն անցկացվեց 4 անվանակարգերում. գեղանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակ, «Ֆեյսբուքի համակրանք» ինտերնետ-քվեարկություն:
Տարբեր երաժշտական համարներով ուրախ մթնոլորտում բոլոր մրցանակակիրները ստացան «Հայաստանի հրաշալիքները» գիրքը, ինչպես նաև մասնակցության վկայականներ կամ դիպլոմներ: Մրցույթի հաղթողներին հանձնվեցին հատուկ այս միջոցառման համար «Բաղդասար ստուդիո»-յի կողմից պատրաստված ձեռակերտ մրցանակները, ինչպես նաև ժյուրիի անդամների հատուկ նվերները: Մրցանակակիրները հնարավորություն ստացան հոկտեմբերի 14-ին ուղևորվել Տաթև, որպեսզի վայելեն Որոտանի կիրճի վրայով ճախրելու հաճույքը ճիշտ այնպես, ինչպես իրենց պատկերած Տաթևիկը: Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև Հալիձորում, որտեղ Տաթևի վանական համալիրին հարակից 6 համայնքների երեխաների և մրցույթի մասնակիցների համար Թումանյանի հեքիաթները ներկայացրեց Հենրիկ Մալյանի անվան թատրոնը:
«Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» մրցույթին աջակցելու կոչին առաջինն արձագանքեց Արտաշես Կազախեցյանը, ով ղեկավարել է «ՏաԹևեր» ծրագիրը մինչև 2011 թվականը: Նա նաև ճոպանուղու առաջին ուղևորն է եղել: Մրցույթն իրականացվեց նաև «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցությամբ: Ընկերության նվերները երեխաներին՝ «Սասունցի Դավիթ», Աստվածաշունչ, «Թումանյանի հեքիաթները» և «Եղիցի լույս» գրքերը, որոնք պատկերազարդված են Գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից, արժեքավոր ներդրում կլինեն երեխաների մշակութային զարգացման մեջ:
«Այս մրցույթը լավ հնարավորություն էր երեխաների համար, որպեսզի ստեղծեն իրենց ժամանակների հերոս, իրենց պատկերացմամբ ստեղծեն գեղեցիկը, բարին ու ընթացքը խորհրդանշող փերիին: Տաթևիկն իսկապես ճախրում է ստեղծագործություններից յուրաքանչյուրում: Այս մրցույթը լավագույնս արտահայտեց նաև «ՏաԹևեր» ճոպանուղու միավորման գաղափարը, քանի որ մրցույթի միջոցով միավորվել էին Հայաստանի մարզերի, Արցախի, Վրաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի երեխաները»,- ասաց «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը:
Շուրջ 6 ամիս տևած մրցույթին մասնակցում էին 6-13 տարեկան երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից: Ներկայացվել է ավելի քան 400 աշխատանք, որոնք քննվել են 4 անվանակարգերում.
- գեղանկար,
- դեկորատիվ-կիրառական արվեստ (փայտ, մետաղ, խեցիներ, ուլունքներ, քարեր և այլն),
- քանդակ,
- «Ֆեյսբուքի համակրանք» ինտերնետ-քվեարկություն:
«Գեղանկար» անավանակարգի հաղթողներն են.
3 տեղ — Ալիկ Մանուկյան, Գեղագիտության ազգային կենտրոն
3 տեղ — Արտակ Հայրապետյան, Կոնտայքի մարզ
2 տեղ — Արեն Հախվերդյան, Դիլիջանի արվեստի դպրոց
2 տեղ — Անուշ Իգիթյան, Գեղագիտության ազգային կենտրոն
1 տեղ — Հայկ Կիզիրյանց, Նարեկացի Արվեստի Միություն, Շուշիի կենտրոն
«Քանդակ» անվանակարգի հաղթողներն են.
2 տեղ — Հայկուհի Առոստամյան, Նարեկացի Արվեստի Միություն, Շուշիի կենտրոն
1 տեղ — Արշխեն Մուրադյան, Երևան
«Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգի հաղթողներն են.
2 տեղ — Մարինա Խաչատրյան, Մալաթիա արվեստի դպրոց
1 տեղ — Արմինե Քոչարյան, Դիլիջանի արվեստի դպրոց
«Ֆեյսբուքի համակրանք» անվանակարգում լավագույնն էր ճանաչվել Մարիամ Մուշեղյանը:
Ժյուրիի հատուկ նշում
Նանե Խաչատրյան, Գեղագիտության ազգային կենտրոն
Նանուլի Գևորգյան, Թբիլիսի «Հայարտուն» կենտրոն
Արսեն Պետրոսյան, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց
Լիլիթ Ճզմեչյան, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոց
Անահիտ Ղազարյան, Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոն
Տամարիս Աբդիքարիմ, Ղազախստան
Մրցանակներ «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից
Արման Սիմոնյան, Նորքի Հայորդաց տուն
Սիրանուշ Մխիթարյան, Գեղագիտության ազգային կենտրոն
Լալիտա Հովսեփյան, Գեղագիտության ազգային կենտրոն