Կատմանդուի միջազգային օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է ընձառյուծի պատճառով, որը դուրս է եկել թռիչքուղի։ Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է Associated Press-ը։
Այն բանից հետո, երբ գիշատիչին նկատել են օդանավակայանի միակ թռիչքուղու վրա, ոստիկանություն և անտառապահ են կանչել։ Նրանք սկսել են փնտրել ընձառյուծին։
Կես ժամ անց օդանավակայանը բացվել է։ Միջադեպը ազդել է ինչպես միջազգային, այնպես էլ՝ ներքին թռիչքների վրա։ Կենդանու որոնումները շարունակվում են։
Օդանավակայանը գտնվում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի տարածքում։ Հյուսիսից այն շրջապատված է անտառով։