Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարվա 9 ամիսների կտրվածքով աճել է 50 տոկոսով` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
«Այս տարի զբոսաշրջիկների թվաքանակի աճը ռեկորդային էր` 50 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: – «Դա շատ մեծ թիվ է` հատկապես հաշվի առնելով միջազգային ճգնաժամային իրավիճակը, երբ որ ամեն տեղ զբոսաշրջային այցելությունների քանակները նվազում են»:
Շահվերդյանը կոնկրետ թվեր չի հրապարակել, սակայն ընդգծել է, որ վերոնշյալ ցուցանիշները վերաբերում են «հաշվառման ենթակա» զբոսաշրջիկներին, կամ այլ կերպ ասած, այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր` վիզա ստանան: Մինչդեռ, ոլորտի պատասխանատուները նաեւ Հայաստանից զբոսաշրջության զգալի աճ են արձանագրում:
Նշենք, որ 2010 թվականին Լեռնային Ղարաբաղ էր այցելել շուրջ 8 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ:
Արցախի Զբոսաշրջության վարչության պետի կարծիքով, զբոսաշրջիկների մեծ հոսքին նպաստել է հատկապես երկրի դրական իմիջը եւ երկրի արտաքին տեսքը: Իսկ վերջին տարիներին Ղարաբաղը սկսել է նաեւ ակտիվորեն մասնակցել արտերկրում կազմակերպվող զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչը մի շարք դեպքերում հարուցել է Ադրբեջանի զայրույթը:
«Մեծ ազդեցություն է ունեցել նաեւ երկրի ընդհանրապես կարգավորումը` ճանապարհաշինությունը, հրապարակների բարեկարգումը, մայրաքաղաքի կանաչապատումը», – կարծիք հայտնեց Սերգեյ Շահվերդյանը:
Զբոսաշրջության վարչությունն ավարտել է հյուրանոցների հաշվառման գործընթացը: Այս տարի Ստեփանակերտում բացվել է 1 հյուրանոց: Եվս 2 հյուրանոց էլ բացվել է Շուշի քաղաքում: Լեռնային Ղարաբաղում արդեն գործում է 32 հյուրանոց:
Աղբյուրը` HayNews.am
More about Artsakh, Shushi city and Stepanakert – view photo-stories