Հնդկաստանի դատավորները սպառնում են քանդել Թաջ Մահալը

2007 թվականին Թաջ Մահալը ընդգրկվել է նոր  «Աշխարհի յոթ  հրաշալիքների» ցանկում։ Այդ հրաշալիքների թվում են նաև Չինական Մեծ պատը, Հորդանանի Պետրա հնագույն քաղաքը, Հռոմի Կոլիզեյը, բրազիլական Հիսուս Քրիստոսի արձանը, Պերուի Մաչու Պիկչուն և Մայաների Չիչեն Իցա բուրգերը։ 

Ժամանակակից աշխարհի հրաշալիքներից մեկը՝  Թաջ Մահալ դամբարանը, կարող են քանդել կամ փակել։ Այդ սպառնալիքներով Հնդկաստանի  գերագույն դատարանը փորձում է ստիպել երկրի իշխանություններին վերականգնել համաշխարհային հայտնի հուշարձանը։ Այդ մասին գրում է Herald Sun-ը։

Հնդկական դատարանը պնդում է, որ  XVII  դարում կայսր Շահ Ջահանի հրամանով կառուցված հուշարձանը  գտնվում է ողբալի վիճակում։ Շենքի մարմարից պատրաստված սպիտակ ճակատամասը այսօր դարձել է կանաչ, դեղին և սև։ Փորձագետները կարծում են, որ Թաջ Մահալի արտաքին տեսքը փչացնում են կեղտոտ օդն ու մոծակները։ Ինչպես նշել են Հնդկաստանի գլխավոր դատավորները՝  իրենք պատրաստ են քանդել այն կամ փակել, եթե Հնդկաստանի իշխանությունները առաջիկայում քայլեր չձեռնարկեն այն վերականգնելու ուղղությամբ։

Թաջ Մահալ, Հնդկաստան

Ավելի վաղ Հնդկաստանի հնագիտական ծառայությունը փորձել է վերականգնել Թաջ Մահալի նախնական տեսքը։ Ճակատամասը ծածկել են հատուկ կավով, որը կլանել է կեղտն ու բորբոսը։ Բայց ակտիվիստները կարծում են, որ դա բավարար չէ։ Նրանց կարծիքով, իխշանությունները պետք է փակեն տեսարժան վայրի մոտ գտնվող գործարանները։ Արտադրության արտանետումները զգալիորեն աղտոտումեն միջավայրն ու վնաս հասցնում հուշարձանին։

Իշխանություններն արդեն խոստացել են ինչ-որ կերպ լուծել հարցը։ Գերագույն դատարանը մտադիր է ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը և հուլիսի 31-ից ամեն օր ուսումնասիրել Թաջ Մահալի փրկությանն  ուղղված աշխատանքները։

 

You might also like