Ջերմուկ. առողջարանային դրախտ

Ջերմուկը ծվարել է անտառոտ լեռների գրկում, ծովի մակերևույթից 2080 մ. բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվում Արփա գետի գեղատեսիլ կիրճով:

Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ
Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ

Ջերմուկ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում): Բնակավայրը հիշատակվում է սկսած 13-րդ դարից` պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ: Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց:

Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին` առաջին առողջարանի կառուցման ավարտով: Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար:

Jermuk city lakeԱռողջարանային քաղաքը բոլոր կաղմերից շրջապատված է գեղատեսիլ լեռնաշղթաներով, որոնց լանջերը պատված են անտառներով, ուր հանդիպում են վայրի պտղատու ծառեր` տանձենի, սալորենի, խնձորենի: Անտառում հնարավոր է  հանդիպել անտառային կենդանիների` աղվես, նապաստակ և անգամ արջ:

Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով:

Ջերմուկը հարուստ է յուրահատուկ, բուժիչ հանքային ջրերով, որոնց բաղադրությունը նման է հայտնի  Կարլովի-Վարի/ Չեխիա/ առողջարանային բնակավայրի ջրերին: Այն երկրի ընդերքից բխած տաք, գազավորված հանքային ջուր է, որը օգտագործվում է ստամոքս-աղիքային, հենաշարժական, նյարդային համակարգերի և այլ հիվանդություններ բուժելու համար /խմելու, լոգանքներ ընդունելու ձևով/:

Հրաշք ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Ըստ այդ լեգենդների Ջերմուկի ջուրը հրաշքներ է գործում, ապաքինում ու առողջացնում: Այդպիսի  մի հրաշքով էլ, ինչպես ասվում է լեգենդում, ապաքինվել և որսորդից փրկվել է եղնիկը, որն էլ հետագայում դարձել է Ջերմուկի խորհրդանիշը:

Jermuk waterfallԼինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է` չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Ըստ այս լեգենդի` ջրվեժը այն իշխանուհու վարսերն են , որը երիտասարդ հովվի հետ հանդիպելու համար արժանացել է հոր անեծքին և վերածվել ջրահարսի:

Ջերմուկը ոչ միայն բազմաթիվ լեգենդների բնաշխարհ է, այլ նաև քաղաքում ու մերձակայքում սփռված բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, արկածային տուրիզմի սիրահարներին ձգող բազմաթիվ անդնդախոր ձորերով ու բարձր ժայռերով, քարանձավներով ու որսատեղիներով (Արփա-Սևան թունել, Կեչուտի ջրամբար, Գնդևանք, Վարդանի քար, Գլաձորի միջնադարյան համալսարան, Նորավանքի համալիր և այլն) հարուստ մի բացօդյա թանգարան: Հատկապես գեղեցիկ է ջերմուկյան ձնառատ, փափուկ և արևոտ ձմեռը: Ձմեռային հանգստի, բուժման, մարզաձևերի համար բարենպաստ կլիմայական ու բնական պայմանների առկայությունը միշտ դեպի առողջարանային քաղաք է ձգել ձմեռային հանգստի սիրահարներին:

Ջերմուկի կլիման /ամռանը` զով, աշունն ու գարունը` պարզ, արևային, ձմռանը` մեղմ ու ձյունառատ/, հիանալի բնությունը, թարմ օդը գերազանց պայմաններ են հարմարավետ հանգստի համար:

Այժմ էլ քայլեր են ձեռնարկվում քաղաքի առողջարանային, զբոսաշրջային համալիրը հարստացնելու և շուրջտարյա գործունեությամբ ապահովելու ուղղությամբ:

Աղբյուրներ`
vayotsdzor.agro.am | http://www.vayotsdzor.agro.am/index.php?id=3659
welcomearmenia.com | http://www.welcomearmenia.com/հայաստանի_տեսարժան_վայրերը/ջերմուկ
Լուսանկարները` EnjoyArmenia.com | http://enjoyarmenia.com/archives/155

Տես նաև՝ Jermuk Resort Town Information – Hotels and Rest Houses, Photos, Sights and More..

You might also like