Հուլիսին Արցախում կկազմակերպվի «Ժենգյալով հացի փառատոն»
2018թ հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է «Ժենգյալով հացի փառատոն»
Ընթացիկ տարվա հուլիսի 15-ին Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվելու է «Ժենգյալով հացի փառատոն»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը՝ մանրամասնելով, որ փառատոնն իրականացվելու է «Հզոր Հաթերք» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ու զբոսաշրջության նախարարության և Մարտակերտի շրջվարչակազմի աջակցությամբ:
Նրա խոսքով՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի հետ արդեն քննարկվել է միջոցառումը Հաթերքում կազմակերպելու հարցը։
«Համայնքն ունի բոլոր ռեսուրսները փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։ Սա մեր մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հզոր քայլ կլինի»,- նշել է Ս. Միրզախանյանը և ընդգծել, որ փառատոնի շրջանակներում հմուտ խոհարարների կողմից կպատրաստվի ժենգյալով հաց, իսկ ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու պատրաստման գաղտնիքներին և նրբություններին:
Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի շրջանակներում կլինեն ազգագրական երգեր ու պարեր, թատերական ներկայացումներ: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև շրջելու Հաթերքում, այցելելու համայնքի պատմամշակութային վայրեր: Իսկ «Հաթերք» հյուրատանը կմատուցվի ազգային սննդի տեսականի (կորկոտ, խաշիլ, տոլմա, խորոված, խաշլամա):
Նշենք, որ փառատոնին մասնակցել ցանկացողների համար Ստեփանակերտ-Հաթերք երթուղով կգործեն փոխադրամիջոցներ: Մինչև 10 տարեկան երեխաների տոմսերն անվճար են, 10-14 տարեկանների համար արժեն 500 դրամ, իսկ 15 տարեկանից սկսած՝ 1000 դրամ։