Ճապոնիան գերազանցել է Ֆրանսիային գուռմաններին գրավող ռեստորանների թվով, նշում է «Michelin» ուղեցույցը: Ներկայումս Ճապոնիայում հաշվվում է 29 երեքաստղանի ռեստորան, որոնք էլ հենց ընդգրկված են եղել ուղեցույցում: Ֆրանսիայում, որի խոհանոցը ավանդաբար համարվել է լավագույնը ամբողջ աշխարհում, այդ դասի ռեստորանները ընդամենը 25 են:
Բարձրադաս ռեստորանների մեծամասնությունը` 15-ը, գտնվում են ճապոնական արևմտյան քաղաքներում` Կիոտոյում, Օսակայում, Կոբեում և Նարայում: Աշխարհում խոհանոցային մայրաքաղաք ճանաչված Տոկիոյում, որին ուղեցույցային չափորոշիչներով հասնում է 3 աստղ, այդպիսի ռեստորանները 14 են: Տոկիոյի ռեստորաններից մեծամասնությունում առաջարկում են ճապոնական խոհանոց: Փարիզում միայն 10-ն են այն հաստատությունները, որոնք արժանացել են բարձր գնահատականին:
Ճապոնիայի մայրաքաղաք Կիոտոն կարող է հպարտանալ երեքաստղանի յոթ ռեստորաններով: Հինգը տեղակայված են Օսակայում, որը հայտնի է իր թխվածքաբլիթներով, երկուսը` Կոբեում` հայտնի տավարի մսով ուտեստներով: Նարայում մեկ ռեստորան է արժանացել բարձր գնահատականի:
«Michelin» ուղեցույցը հայտնի է նաև որպես «Կարմիր ուղեցույց», որը թողարկվում է 1900 թվականից սկսած: Սկզբնական շրջանում այն իրենից ներկայացնում էր բազմապիսի վայրերի ցուցակ, որոնք կարող էին պետք գալ զբոսաշրջիկներին, օրինակ` հյուրանոցներ, վերանորոգման ծառայություններ կամ խորտկարաններ: 1920 թվականին ուղեցույցում ավելացավ ռեստորանների վարկանիշային աղյուսակը. բարձր գներով հաստատությունները նշվում էին մեկ աստղով: 1926 թվականին ռեստորանի անվան կողքի աստղը նշանակում էր, որ այն ունի լավ խոհանոց:
30-ական թվականների սկզբին ցուցակում ավելացրին ևս երկու աստղ, և այդ ժամանակից ի վեր գնահատման համակարգը այլևս չփոխվեց: Մեկ աստղը նշանակում է, որ իր կատեգորիայում ռեստորանը լավն է (նկատի ունենալով խոհանոցի տեսակը): Երկուսով նշվում է գերազանց ռեստորանը, որի համար արժե մի փոքր շեղվել երթուղուց: Երեք աստղ շնորհվում է ավագ-խոհարարի հիանալի աշխատանքի համար, գնահատականը նշանակում է, որ զբոսաշրջիկները պետք է հատուկ ուղևորություն կատարեն այդ ռեստորանի համար: