Ռոմեոյի և Ջուլիետի քաղաքը պատրաստվում է թանգարանային համալիրի ստեղծմանը, որը նվիրված կլինի բոլոր սիրահարներին: Գաղափարը պատկանում է հայտնի «սիրո երգչին»՝ ժամանակակից իտալացի գրող Ֆեդերիկո Մոչիային: Վերոնան պատրաստ է իրականացնել «Սիրո թանգարանի»՝ այդ զգացմունքին նվիրված աշխարհում առաջին մասնագիտացված համալիրի նախագիծը: Նախագծային առաջարկը Վերոնայի քաղաքապետին՝ Ֆլավիո Տոզիի ներկայացրել է Ֆեդերիկո Մոչիան, ով հայտնի սիրային վեպերի հեղինակ է, ինչպիսիք են՝ «Երեք մետր երկնքից բարձր» և «Ներիր ինձ սիրո համար» վեպերը:
Տոզին առաջարկը անվանել է «շատ հետաքրքիր» և նշել, որ քաղաքային խորհուրդը արդեն քննարկում է գրողի հետ համագործակցությունը: «Սերը,-հավելել է քաղաքապետը,-աշխարհը շարժման մեջ պահող զգացմունք է և մեր քաղաքի գլխավոր թեմաներից մեկը, որը հայտնի է միլիոնավոր մարդկանց շրջանում, ովքեր ամեն տարի գալիս են այստեղ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը խորապես զգալու համար»: Նախատեսվում է, որ թանգարանը կհայտնվի Վերոնայի հենց սրտում: Համալիրը կներկայացնի սիրո տարբեր ասպեկտները հին նամակների, լուսանկարների և պատկերների միջոցով, որպեսզի բացահայտի քիչ թե շատ հայտնի մարդկանց մեծ սիրո պատմությունը, ինչպես նաև՝ այն կդառնա նախաձեռնությունների, միջոցառումների և իրադարձությունների կենտրոն այդ զգացմունքը ժամանակակից կերպով արտահայտելու համար: