Հունվարի 23-ից սկսած Միլանում սկսել է գործել Իտալիայի առաջին Muba թանգարանային համալիրը, որն ամբողջությամբ նվիրված է երեխաներին:
Muba-ն (Museo dei bambini) 1200 քառակուսի մետր տարածք է, որտեղ տեղ են գտել ցուցահանդեսներ և ստեղծագործական լաբորատորիաներ, գրախանութ, սրճարան և նույնիսկ «Happy Popping» անկյունը, որտեղ երիտասարդ մայրիկները կարող են կերակրել կամ զգեստափոխել իրենց փոքրիկներին: Մանկական թանգարանի դռները բաց կլինեն հանրության առջև ամբողջ տարի, շաբաթը յոթ օր, առավոտից մինչև երեկո:
Թանգարանի առաջին ցուցահանդեսը եղել է «Արկղեր» ցուցահանդես-խաղը` նվիրված ստեղծագործական զարգացմանը և զգայական ընկալմանը, որը նախատեսված է 3-ից 11 տարեկան երեխաների համար: Ըստ կազմակերպիչների` մանկական թանգարանը հետաքրքիր կլինի բոլորի համար, ովքեր «երկու և բարձր տարիքի են»: Նրա ստեղծման վրա աշխատել են քաղաքային իշխանությունները և Muba հիմնադրամը: