Դեկտեմբերի 13-ին Պիզայի «Stazione Leopolda» մշակույթի կենտրոնում՝ կենտրոնական կայարանից մի քանի քայլ հեռավորության վրա, իր աշխատանքը կսկսի Բաբո Նատալեի՝ իտալական Ձմեռ պապի ֆաբրիկան։ Երեխաները, ովքեր կայցելեն այստեղ, կարող են ոչ միայն խաղալ կախարդական նախաամանորյա միջավայրում, այլև՝ իրենց ցանկությունների նամակը հանձնեն անմիջապես Բաբո Նատալեի ձեռքը, ինչպես նաև՝ վայելեն ամանորյա քաղցրավենիք և ինքնուրույն պատրաստեն տոնածառի խաղալիքներ և զարդեր։ Առաջին հերթին երեխաների համար ստեղծված Բաբո Նատալեի ֆաբրիկան թույլ չի տա ձանձրանալ նաև նրանց ուղեկցող մեծահասակներին, որոնց համար կառաջարկվի տեղական ուտեստների լայն տեսականի, ձեռագործ ապրանքներ և արվեստի նմուշներ՝ պատրաստված վարպետների կողմից, ովքեր եկել են Իտալիայի հեռավոր վայրերից։ Ամեն օր ժամը 10-ից 20-ին «ֆաբրիկայի» տարածքում կանցկացվեն տիկնիկային, պարային, աճպարարական և դերասանական ներկայացումներ, որոնք կպատմեն ամանորյա պատմություններ։ Բաբո Նատալեի ֆաբրիկան կգործի դեկտեմբերի 13-ից 29-ին (բացի դեկտեմբերի 16-19 և 25)։ Մուտքի տոմսի արժեքը կլինի 6 եվրո, մեկ մետրից ցածր հասակ ունեցող երեխաների համար մուտքը կլինի ազատ։