Իտալիա. Eataly՝ չշտապող սննդի ռեստորանների ցանց

Նոր «դանդաղ սննդի»  Eataly խոհարարական համալիրը իր դռներն է բացել Ֆլորենցիայում: Ֆլորենցիական Eataly-ն նվիրված է Վերածննդի դարաշրջանի թեմային, այն գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում՝ Դուոմոյից մի քանի քայլ հեռավորության վրա, և զբաղեցնում է 2000 քառակուսի մետր տարածքով  երեքհարկանի կառույցը, որտեղ մինչև 2010 թվականը տեղակայված է եղել Մարցոկկո գրախանութը:

Ինչպես Իտալիայում արդեն գոյություն ունեցող նմանատիպ կառույցները, այնպես էլ՝  նոր խոհարարական համալիրը առաջնորդվում է Eataly ձևաչափով՝ «գնել, ուտել, սովորել»: Նոր Eataly կենտրոնի բացման արարողությանը մասնակցել է Eataly համակարգի հիմնադիր Օսկար Ֆարինետտին, ինչպես նաև՝ Ֆլորենցիայի քաղաքապետ Մատտեո Ռենցին: Նոր Eataly-ն առաջարկում է բարձրորակ էնոխոհարարական մթերքներ, և բացի դրանցից, ապահովում է աշխատանքով 100 երիտասարդների:

Eataly

Նոր Eataly-ի  առաջին հարկում է գտնվում պաղպաղակ-սրճարանը, մեծ բարը, հրուշակեղենի բաժինը, թեմատիկ ռեստորանների մի ամբողջ տեսականի, ներառյալ՝ ավանդական ֆլորենցիական  Լամպրեդոտտո ուտեստին նվիրված թեմատիկ ռեստորանը: Երկրորդ հարկը նախատեսված է գինիների և գարեջրի ապրանքանիշների համար, այստեղ է գտնվում նաև իսկական գուրմանների համար նախատեսված  «DaVinci» ռեստորանը: Երրորդ հարկում է թեմատիկ «Eatinerari» (սննդի երթուղիները), «Վերածնունդ» և «Գարեջուր» լսարանները, որտեղ փետրվարից սկսած կանցկացվի երեխաների և մեծահասակների համար նախատեսված սնվելու արվեստին տիրապետելու դասընթացներ:

You might also like