Սեպտեմբերի 17-ին Միլանում բացվել է փղերի շքերթը: Քաղաքի փողոցներում ցուցադրվել են 80 փղերի քանդակներ, ավելի ճիշտ գունավոր փղեր իրենց ամբողջական չափսերով: Նրանց կարելի է տեսնել Կաստելոյի հրապարակում, Կորդուզիոյի հրապարակում, Կորսո Կոմոյում, Միլանի Մալպենսա օդանավակայանում և Bulgari հյուրանոցում: Ակցիան անցկացվում է ասիական փղերի պահպանության նպատակով: Նոյեմբերի 22-ին փղերի քանդակները կվաճառվեն աճուրդում և հավաքված գումարը կավելացվի Ռոտերդամի, Անտվերպենի, Ամստերդամի, Հերլենի, Կոպենհագենի և Լոնդոնի շքերթների ժամանակ հավաքված 4 միլիոն եվրոյին:
Միլանի բնակիչները նույնպես կարող են մասնակցել այդ նախագծին: Դրա համար հարկավոր է մինչև հոկտեմբերի 13-ը իրենց պատրաստած դիզայնը ուղարկեն և ժյուրիի որոշումից հետո քաղաքի կենտրոնում գտնվող երկու փղերը կզարդարվեն հաղթողների դիզայնի համաձայն: Դրանք, ինպես մյուս հայտնի դիզայներների պատրաստած քանդակները, նույնպես աճուրդում կվաճառվեն: Հաղթողին կտրվի նաև իր դիզայնով պատրաստված փղի փոքրացված տարբերակը: Նախագծին մասնակցող հայտնիներից են Քեթի Փերին, որը պատրաստել է Swarovski փիղ, «Ֆորմուլա 1-ի» մրցարշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն և Ֆելիպե Մասսան և այլ հայտնի իտալացի դիզայներներ: Շքերթը կուղեկցվի զանազան վարպետության դասերով, Enterprise Hotel-ում կանցկացվի մանկական նկարների ցուցահանդես, իսկ Rinascente խանութում կբացվի մի նոր խանութ, որտեղից հնարավոր կլինի գնել elephant friendly-ի հատուկ ապրանքներ: Միլանի փղերի շքերթը կավարտվի նոյեմբերի 15-ին: