Այս օրերին Հայ-իտալական համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվում են Արուճի վանական համալիրի ուսումնասիրման աշխատանքները: Ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին նշում է, որ այն առայժմ նախնական փուլում է, և դժվար է ասել, թե որքան կտևի. «Մեր նպատակն է նախ և առաջ լավ ծանոթանալ հուշարձանին: Այս ամիս պետք է մաքրվի տարածքը, որպեսզի որոշվի, թե որտեղ է պետք պեղել: Հետո կհետազոտենք քարերի վնասվածության աստիճանը»:
Միլանի Պոլիտեխնիկի դասախոսներն իրենց հետ բերել են հատուկ գործիքներ, որպեսզի չափեն ճաքերը: Պետք է ուսումնասիրել, արդյո ՞ք դրանք ֆիքսված են, թե շաունակվում են քայքայվել: «Վերցրել ենք նմուշներ, որպեսզի ֆիզիկական և քիմիական անալիզի ենթարկենք դրանք Իտալիայում: Հետազոտությունների արդյունքում կկազմվի համապատասխան վերականգնման նախագիծ: Աշխատանքները կշարունակվեն մինչև 2013 թ-ի սկիզբ»,-հավելում է Կազնատին:
Վերականգնող մասանգետերից մյուսը` Մարկո Կուկկինն է: Նա շինությունն ուսումնասիրում է երեք պարամետրերով:
«Նախ ստուգում ենք, թե մինչև որ մակարդակն է բարձրանում խոնավությունը: Արվում է նաև հնչյունային հետազոտություն, որպեսզի հասկանանք թե որքանով են առողջ քարերը, և քանի խոռոչ կա դրանց ներսում»,-ասաց Կուկկին: Մասնագետը ոչ մի նախնական տվյալներ չի տրամադրում, բայց ասում է, որ այն իրենց կանխատեսածի չափ վնասված է:
Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ջան Անդրեա Սանդրին նշում է, որ ուսումնասիրությունները կվերջանան 2013 թ-ի հունվարին, և եթե ՀՀ մշակույթի նախարարությունը տա համապատասխան ֆինանսավորում, մայիսին կգործուղվեն վերականգնող մասնագետները:
Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 662-666 թթ-ին` հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի պատվերով: Եկեղեցին ոչ միայն ունի պատմական նշանակություն, այլև ունի հրաշալի ճարտարապետություն: Այն պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին: Եկեղեցու ներսում դեռևս պահպանված են 7-րդ դ. կատարված և կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները։ Եկեղեցու կողքը կառուցվել է Մամիկոնյանի պալատը, և դրա շնորհիվ Արուճ գյուղը դարձել է վարչական մեծ կենտրոն:
Որմնանկարների թեման Համբարձման տեսարանն է. մուգ կապույտով պատած խորանում պատկերված է Քրիստոսը, ներքևում պատվանդանն է` ականթի թփերով և զարդագոտիով։ Յոթ մետր բարձրությամբ պատկերված Քրիստոսի որմնանկարի միայն մի մասն է պահպանվել` զարդահյուսված պատվանդանի վրա (ինչպիսին հանդիպում ենք նաև Լմբատավանքում)։ Նրա ձեռքում կա մագաղաթագալար, որի վրա գրված է Հովհաննեսի Ավետարանի խոսքից մի հատված:
Սոնա Խաչատրյան / Աղբյուրը՝ PanArmenian.net