Միլանի Town House Galleria հյուրանոցը առաջարկում է իր հաճախորդներին, ովքեր կբնակվեն նախագահական Seven Stars Ottagono համարում, սպիտակեղեն, որը բաղկացած է մետաքսից և 24 կարատ ոսկուց։ Արժեքը սկսվում է 200 000 եվրոյից։ Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Շքեղ միլանյան հյուրանոցի ներկայացուցիչների խոսքերով՝ թանկարժեք մետաղից սպիտակեղենը իր վրա հանգստացող մարդկանց տալիս է կենսական կարևոր էներգիա, բարձր ինքնագնահատական և կամքի ուժ, բարձրացնում դրական էմոցիաների քանակը, ինչպես նաև՝ ավելացնում իմաստությունը։
Ոսկյա անկողնային սպիտակեղենի հավաքածուի մեջ մտնում է սավան, չորս բարձի երես և ծրար։ Ցանկության դեպքում համարի բնակիչը կարող է այն ձեռք բերել 200 հազար դոլարով։ Հյուրանոցի պատվերով ընդհանուր առմամբ կարվել է 100 հավաքածու, որոնք փաթեթավորված են շքեղ տուփերում՝ երաշխիքի վկայականի և ոսկյա թելի կծիկի հետ։ Թելը կարելի է օգտագործել անուն-ազգանունը սպիտակեղենի վրա ասեղնագործելու համար։ Թե ինչ լվացքի փոշիով և ինչ ռեժիմով պետք է լվանալ այն գնելու դեպքում, չի հաղորդվում։ Քիմմաքրման նրբությունների մասին ևս հայտնի չէ։
Քնի փորձագետ դոկտոր Նիլ Ստենլին հայտարարել է, որ քնի մեջ գտնվող մարդը մեծ տարբերութուն չի զգա սովորական և ոսկյա սպիտակեղենի միջև։ Ավելի մեծ նշանակություն ունի ներքնակի լայնությունը, որպեսզի ազատ տեղաշարժման խնդիր չլինի։
Նշենք, որ մեկ գիշերը Town House Galleria հյուրանոցի նախագահական համարում կարժենա 2 700 եվրո։ Համարի մոտ շուրջօրյա հսկողություն է իրականացվում, այնպես որ թանկարժեք սավանի պահպանության մասին կարող եք չանհանգստանալ։