Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքը ՀՀ բնապահպանության նախարարությանը հայ-իրանական անցակետից 500 մ հեռավորությամբ գտնվող տարածք է նվիրել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ տարածքը անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել։ Մենք նախատեսում ենք այնտեղ կառուցել «Արևիկ» ազգային պարկի վարչական շենքը։
«Այս տարի նախատեսում ենք իրականացնել շենքի նախագծման աշխատանքները և տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին սկսել շինարարական աշխատանքները։ Մեղրի համայնքի տարածքում «Արևիկ» ազգային պարկը պետք է ունենա իր վարչական շենքը։ Տարածքը համայնքի կողմից անհատույց տրամադրվել է նախարարությանը»,- ասաց Հովհաննիսյանը և հույս հայտնեց, որ կկարողանան մեկ այլ հանդիպման ժամանակ միմյանց շնորհավորել այդ վարչական շենքի կառուցման առթիվ։
Նվիրաբերած տարածքը գտնվում է Հայաստան-Իրան անցակետից 500 մ հեռավորության վրա և ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ ինչ-որ առումով շատ սիմվոլիկ կլինի, որպեսզի այդ հատվածում «բնապահպանական օազիս» լինի։
ՀՀ բնապահպանության կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ 2012 թվականին կնքված Միջպետական համաձայնագրերով Հայաստանը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել այցելուների կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության Բնապահպանության նախարարությունների միջև կնքվել էր պայմանագիր, որ նախատեսված էր անդրսահմանային պահպանվող տարածքում բարեկամության և խաղաղության այգի ստեղծելու համար։ Նախատեսվող այցելուների համար տարածք իրանական կողմն արդեն իսկ ստեղծել է, իսկ Հայաստանի տարածքի այցելուների կենտրոնը կստեղծվի «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում։ Այն հետագայում կարող է ծառայել նաև համագործակցության համար, որի վերջին փուլում ենթադրվում է իրանական կողմի հետ համատեղ ստեղծել կենսոլորտային պահպանավայր… Կենդանիների համար չկան սահմաններ, և, այդ հանգամանքից ելնելով, պետք է այնպես անել, որպեսզի ապահովվի խոշոր կենդանիների՝ բեզոարյան այծի, վայրի խոզի, հովազի, մուֆլոնի, արջի անարգել տեղաշարժը»,- ընդգծեց Աղասյանը և հավելեց, որ համագործակցության շրջանակում ակնկալվում է նաև գիտական գործուղումներ իրականացնել։
«Արևիկ» ազգային պարկի վարչական շենքի կառուցումը նախատեսվում է ավարտել 2019-2020 թվականներին։