Ինդոնեզիայի շուրջ 1.5 հազար բնակիչ Մեդան (Հյուսիսային Սումատրա նահանգ) քաղաքում մասնակցել են ցույցի, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Քաղաքացիները դեմ են երկրում «Միսս աշխարհ 2013» գեղեցկության մրցույթի անցկացմանը: Մարդիկ ցուցանակներով քայլել են քաղաքի փողոցներով՝ պահանջելով մրցույթը չեղյալ համարել, քանի որ, նրանց կարծիքով, այն վիրավորում է տեղացի մահմեդականների կրոնական զգացմունքները և մշակութային արժեքները:
Ինդոնեզացիների դժգոհությունը հայտնի էր դեռ վաղուց, այդ պատճառով մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ այս տարի մրցույթը կանցկացվի առանց ավանդական բիկինիով բեմելի: Լողազգեստի փոխարեն բոլոր 137 մասնակիցները պետք է կրեն ինդոնեզական ավանդական սարոնգներ՝ երկար նկարազարդ կտոր: Ավելին, այդ հագուստը պետք է կարված լինի տեղացի վարպետների կողմից:
Այդպիսով, մրցույթը ոչ միայն ողջ աշխարհի ուշադրությունը կգրավեր Ինդոնեզիայի վրա, այլև՝ կաջակցեր տեղական արդյունաբերությանը: Բայց և այս փոփոխությունները չբավարարեցին հասարակության պահպանողական հատվածին. հայտնում է Voanews.com-ը: Ընդդիմախոսները պնդում են, որ մրցույթը անբարոյական է և ներկայացնում է կնոջը` որպես «առևտրի առարկա»: «Աշխարհի միսսերը» այս տարի պետք է հավաքվեն Բալիում և Ջակարտայի արվարձանում սեպտեմբերի վերջին: Այդ միջոցառման ընդդիմախոսները խոստանում են այդ օրերին ավելի մեծամասշտաբ բողոքի ցույցեր: