Uber-ում հայտնվել է հարբած հաճախորդներին բացահայտող համակարգ
Եթե այդ վերլուծության արդյունքներով համակարգը որոշի, որ ուղևորը հարբած է, վարորդը իրավունք ունի հրաժարվել նրան տեղափոխել։
Հաճախորդների անընդունելի պահվածքից իրենց վարորդներին պաշտպանելու համար ամերիկյան Uber ընկերությունը մշակել է հատուկ համակարգ, որը հեռավորության վրա բացահայտում է հարբած ուղևորներին։
Նորարարությունը թույլ կտա վերլուծել ուղևորի վիճակը այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են՝ տվյալների լրացման արագությունն ու հստակությունը, պատվերը տալիս քերականական սխալների առկայությունը, նրա գտնվելու վայրը, օրվա ժամը և նույնիսկ տեղաշարժման արագությունը։
Ընկերության ղեկավարության խոսքերով՝ այդ որոշումը կայացվել է մի շարք տհաճ իրավիճակների պատճառով, որոնց մասին հայտնել են վարորդները։ Հարբած ուղևորները ոչ միայն ագրեսիա են ցուցաբերում, այլև՝ հրաժարվում վճարել և նույնիսկ վնասում մեքենայի սրահը։