Մարտի 21-ին աշխարհի հինգ մայրցամաքների երկու հազար ռեստորաններում կանցկացվի ընթրիք, որի ընթացքում հյուրերին կառաջարկվի ֆրանսիական խոհանոցի նույն ճաշացանկը։ Այդ մասին հաղորդվում է Good France անունը կրող միջոցառման կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում․ փոխանցում է Lenta-ն։
Նախագծի պատրաստմանը մասնակցել են Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը և հայտնի ֆրանսիացի շեֆ խոհարար Ալեն Դյուկասը։ Ակցիային մասնակից ռեստորանների եկամտի մի մասը կփոխանցվի տարբեր բարեգործական հիմնադրամների։
Good France-ի շրջանակներում միանման ճաշացանկով ընթրիք կանցկացնեն Ավստրալիայի, Չինաստանի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների հաստատություններ։
Ռուսաստանում ակցիային կմասնակցի 20 ռեստորան, որոնք գտնվում են Մոսկվայում, Իրկուտսկում, Տյումենում, Յակուտսկում, Նովոսիբիրսկում և Աստրախանում։
Առաջին անգամ Good France միջոցառումը կազմակերպվել է 2015 թվականի մարտի 19-ին։ Նրա նպատակը Ֆրանսիայի և նրա խոհանոցի առաջխաղացումն է միջազգային տուրիստական շուկայում։
Աշխարհի տարբեր երկրներում միաժամանակ միանման ճաշացանկով ընթրիք մատուցելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի ռեստորատոր Օգյուստ Էսկոֆեին։ Նա այն կյանքի է կոչել 1912 թվականին։