Իտալական Տոսկանիայի ճանապարհորդական գրասենյակը սկսել է քաղաքի հյուրերին առաջարկել նոր տուր` ծովային զբոսանք դեպի հունվար ամսին խորտակված Costa Concordia նավը: Էքսկուրսիայի տոմսը կարելի է ձեռք բերել 10 եվրոյով Սանտո Ստեֆանո նավահանգստից, որը գտնվում է վթարի վայրից 15 կմ հեռավորության վրա:
Հարկ է նշել, որ վթարից հետո ավելացել է զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը դեպի Ջիգլիո (Giglio) կղզի, որի մոտ էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Եթե նախկինում այս վայրը ճանաչում էր վայելում ջրասույզների շրջանում, ապա հիմա զբոսաշրջիկների մեծամասնությունը այստեղ է գալիս խորտակված նավի ետնապատկերով լուսանկարվելու համար: Միևնույն ժամանակ, զբոսաշրջիկները հրաժարվում են լողալ այս տարածքում. խիստ ճնշող տպավորություններ են թողնում խորտակված նավի մնացորդները: Արդյունքում մեկօրյա տուրերը դեպի Ջիգլիո ավելացել են, իսկ երկարաժամկետ ճանապարհորդությունները` պակասել. նշում են տեղի իշխանությունները:
Տուրիստական բիզնեսի ներկայացուցիչները անհամբերությամբ սպասում են եկող գարնանը, երբ նավը կտեղափոխեն նավահանգիստներից մեկը ուսումնասիրության համար: