Մեծ Բրիտանիայում կնշեն Հրաշքների աշխարհի Ալիսայի օրը

Օքսֆորդում ամռանը կնշվի  Ալիսայի օրը՝ նվիրված «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հերոսուհուն: Հենց Օքսֆորդի համալսարանում  150 տարի առաջ՝ 1862 թվականի հուլիսին անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լյուտվիջ Դոջսոնը, ով առավել հայտնի է Լյուիս Քերոլ անվանումով, որոշեց գրել զարմանահրաշ պատմություն 10-ամյա Ալիսա Լիդելի մասին:

«Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը առաջին անգամ հրատարակվել է 1865 թվականին, իսկ 6 տարի անց ընթերցողներին ներկայացվեց նաև պատմության շարունակությունը՝ «Ալիսան հայելիների աշխարհում»: Գրքերը այնքան սիրված էին, որ  թարգմանվեցին 125 լեզուներով:

Ինչպես հայտնում է VisitBritain-ը՝ Ալիսայի օրվա կազմակերպիչները խոստանում են զարմացնել այցեուներին ամենազարմանահրաշ ատրակցիոններով, կլինեն  խենթ թեյախմություն Մարտյան Նապաստակի և Խենթ Գլխարկագործի մոտ, թագուհու ոչ ծննդյան տոնակատարությունը, ինչպես նաև՝ թեմատիկ զբսանքներ, ցուցադրություններ և զրույցներ: Հաջորդ օրը տեղի կունենա «Շրջանով վազք»  (Caucus Race), որը կկազմակերպվի ազնվական քոլեջ-համալսարաններից մեկում՝ Քրայսթ Չյորչում (Christ Church): Հենց այստեղ էր Քերոլը դասավանդում մաթեմատիկա:

Համարվում է, որ  «Շրջանով վազք» տեսարանը գրելու համար Քերոլը ոգեշնչվել է Լիդել քույրերի մասնակցությամբ պիկնիկից, երբ ուժեղ անձրև տեղաց և ամեն ինչ թրջեց: Որպեսզի շուտ չորանան, գրքում Դոդո թռչունը առաջարկում է կազմակերպել փոքրիկ մրցակցություն: Նա գետնի վրա նկարում է շրջան, մրցակիցներին դասավորում պատահական հերթականությամբ և առանց որևէ հրահանգի ամեն մեկը սկսում  է վազել որևէ ուղղությամբ: Մրցակցությունը տևում է կես ժամ և հաղթող են ճանաչվում բոլորը: Հետաքրքիր է, որ գրականագիտական խորհուրդը շրջանով վազքի պատմությունը համարում է անգլիական խորհրդարանի խորհրդանիշ:

«Շրջանով վազք»-ի օրը կլինեն պարեր, փողոցային թատրոն, ինչպես նաև՝ Հրաշքների աշխարհի խաղեր բոլոր տարիքի երեխաների համար: Տոնը կանցկացվի Օլիմպիական խաղերին կրակը Օքսֆորդ բերելու նախօրեին:  Ալիսայի օրը կլինի հուլիսի 7-ին, «Շրջանով վազքը»՝ 8-ին, ժամը՝ 11:00-14:00: Միջոցառումների մեծ մասի մուտքը ազատ է: Լոնդոնից Օքսֆորդ ավտոբուսով կարելի է հասնել 1.5 ժամում:

You might also like