Մեծ Բրիտանիան ծրագրում է աստիճանաբար շրջանառությունից հանել թղթե թղթադրամները և փոխարինել դրանք պլաստիկով: Դրանք ավելի երկարակյաց են, անջրանցիկ, և դրանք ավելի դժվար է կեղծել: Ի թիվս պոլիմերային թղթադրամների այլ առավելությունների` նշվում է նաև դրանց հիգիենիկ լինելը. նման փողերի վրա քիչ բակտերիաներ կկուտակվեն: Բացի այդ, դրանք դժվար է պատռել և ճմրթել, ինչը ավելի է հեշտացնում աշխատանքը առևտրային ավտոմատների հետ:
Այս դրամները նաև համարվում են ավելի բնապահպանական, քանի որ սրանք ավելի քիչ քանակով կլինեն, քան թղթադրամները, և կենթարկվեն վերամշակման: Եվ վերջապես, պլաստիկ թղթադրամների օգտագործման ժամկետը երեք տարի է, իսկ թղթե թղթադրամներինը ընդամենը վեց ամիս էր: Ճիշտ է` պլաստիկ թղթադրամների արտադրման ծախսը զգալիորեն մեծ է ավանդականից: Լրացուցիչ ծախսեր են պահանջվում բանկոմատները և այլ առևտրային ապարատները վերածրագրավորելու համար: Սակայն երկրի կենտրոնական բանկը արդեն հայտարարել է մրցույթ 1 միլիարդ ֆունտ ստերլինգ թղթադրամ տպելու համար: Նորարարությունը պետք է իրականացվի 2015 թվականին:
Ինչպես հայտնում է Metronews.ru-ն` սկզբում պլաստիկը կփոխարինի ցածր արժողությամբ թղթադրամներին, որոնք ավելի շատ են շրջանառվում: Պլաստիկ թղթադրամներ առաջին անգամ արտադրվել են 1988 թվականին Ավստրալիայում կեղծ փողերի դեմ պայքարելու համար, որը բավականին հաջող փորձ էր: Պլաստիկ փող կիրառվում է նաև Նոր Զելանդիայում, Ռումինիայում, Պապուա Նոր Գվինեայում, Մեքսիկայում և Վիետնամում: