ԱՄԷ-ում բացվել է «Դուբայի շրջանակը»
Շրջանակից դուրս կարելի է տեսնել Հին և Նոր Դուբայը, իսկ ներսում՝ ծանոթանալ Դուբայի պատմությանն ու տեսնել այն ապագայում՝ 50 տարի անց։
ԱՄԷ-ի նոր տեսարժան վայրը՝ «Դուբայի շրջանակը» (Dubai Frame), սկսել է ընդունել այցելուներին։ Այս անսովոր կառույցը, որն իսկապես նման է նկարի շրջանակի, իրենից ներկայացնում է երկու 150-մետրանոց աշտարակ, որոնք վերևում միանում են 93-մետրանոց կամուրջով։ Վերևում գտնվում է դիտահրապարակը, որտեղից հրաշալի երևում է ամբողջ քաղաքը․ մի կողմից բացվում է պանորամա դեպի ժամանակակից Դուբայը՝ փայլուն երկնաքերերը և շեյխ Զայեդի մայրուղին, այն դեպքում, որ մյուս կողմից երևում են Դեյրա, Ումմ Հուրաիր և Կարամա թաղամասերը, որոնք խորհրդանշում են Հին քաղաքը։
«Դուբայի շրջանակի» առաջին հարկում գտնվում է թանգարան, որը պատմում է էմիրության զարգացման պատմության մասին։ Այցելուները ընկղմվում են Դուբայի անցյալում՝ շնորհիվ հատուկ էֆեկտների և ինտերակտիվ ցուցանմուշների։ Վերևում տեղադրված են ինտերակտիվ էկրաններ, որտեղ այցելուները կարող են գտնել զանազան կառույցներ և տեսարժան վայրեր և դիտել դրանք մանրամասն 3D էֆեկտով։Նաև կառույցի վերին մասում բացվել է ապագայի Դուբայի ցուցասրահ, որտեղ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով այցելուներին ցույց կտան, թե ինչպիսին կլինի մեգապոլիսը 50 տարի անց։
«Դուբայի շրջանակի» շինարարությունը ներդրողներին արժեցել է 250 միլիոն դիրհամ (շուրջ 69 միլիոն դոլար)։ Այստեղ կարելի է այցելել ամեն օր, ժամը 10:00-ից 19:00։ Մեծահասակների տոմսն արժե 50 դիրհամ, ($14), երեխաներինը՝ 20 դիրհամ ($6)։