Մեծ Բրիտանիայի ամեն հինգերորդ բնակիչ մեկնում է ճանապարհորդության, որպեսզի ուշքի գա սիրելիից բաժանվելուց հետո: Այս մասին գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Sunshine.co.uk պորտալի նոր հարցմանը: Հարցման մասնակիցների 20% -ի խոսքերով՝ իրենք մեկնել են ճանապարհորդության բաժանումից հետո երեք ամսվա ընթացքում:
Մեծամասնությունը նշել է, որ ցանկանում էր ցրվել կատարվածից հետո, իսկ հարցման մասնակիցների մեկ չորրորդը խոստովանել է, որ հույս է փայփայել ճանապարհորդության ընթացքում նոր սեր գտնել: Հարցվողների 13% -ը ասել է, որ ճանապարհորդության մեկնել իրենց համոզել են ընկերները:
17% -ը հայտարարել է, որ ճանապարհորդությունը նախապես էր ծրագրել՝ մինչև բաժանումը: Զույգերից վերջերս բաժանված բրիտանացիների շրջանում ամենատարածված ուղղությունը եղել է Իբիցան (Իսպանիա): Երկրորդ տեղը բաժին է հասել հունական Ռոդոս կղզուն, իսկ երրորդը՝ իսպանական Մալորկա հանգստավայրին: Հնգյակում հայտնվել են նաև Կիպրոսը և մայրցամաքային Իսպանիան: