Պանամայի մայրաքաղաքում հայտնվել են City Tour ավտոբուսներ

Փետրվարի 1-ից Պանամայի  մայրաքաղաքում գիծ են դուրս եկել City Tour ավտոբուսները, որոնք մեծ ճանաչում ունեն աշխարհի մի շարք քաղաքներում: Այս ուղևորությունների տարբերակիչ առանձնահատկությունը զբոսաշրջիկին հարմար ժամանակացույցով քաղաքը ողջ օրը ուսումնասիրելու հնարավորությունն է: Տոմսը, որը թույլ է տալիս մեկ օրվա մեջ անսահմանափակ թվով պտույտներ կատարել ողջ երթուղու ընթացքում, մեծերի համար արժե 29 դոլար, իսկ փոքրերի համար` 24: Կարելի է ձեռք բերել տոմս երկու օրվա համար համապատասխանաբար 39 և 34 դոլարով:

Ինչպես հայտնում է  BuenoLatina.ru-ն` երթուղում աշխատում են չորս երկհարկանի գեղեցիկ ավտոբուսներ` համալրված  GPS համակարգով ղեկավարվող աուդիոգիդերով: Էքսկուրսիան հասանելի է վեց լեզուներով: Ուղևորությունը տևում է 9.00-ից 18.00-ը:

Պանամա սիթին դարձավ Լատինական Ամերիկայի տասներորդ քաղաքը, որի տեսարժան վայրերով կարելի է շրջել City Tour ավտոբուսներով: 1997 թվականին հիմնադրված City Sightseeing Worldwide տուրիստական ընկերությունը տարեկան սպասարկում է ավելի քան 10 միլիոն հաճախորդի: Այդ լոգոտիպով ավտոբուսներ կարելի է հանդիպել հինգ մայրցամաքների 100 քաղաքներում:

You might also like