Հունվարի 8-ից Արգենտինայի Էնտրե-Ռիոս մարզի Գուալեգուայչու քաղաքում, որը 200 կմ հեռավորության վրա է գտնվում Բուենոս Այրեսից, բացվել է երկրի գլխավոր դիմակահանդեսը: Ըստ կազմակերպիչների տվյալների` ամառային զգեստների «ուրախության և սիրո» տոնին մասնակցելու են եկել ավելի քան 25 հազար հանդիսատես: Նախկին երկաթգծի կայարանում, որը վերածվել է 500 մ երկարություն ունեցող հրապարակի, իրենց վարպետությունն էին ցուցադրում ավելի քան հազարավոր դերասաններ, որոնք համախմբվել էին տարբեր թատրոններից, կազմելով թատերական պարային խմբեր:
Որոշ կոստյումներ ստեղծված են եղել XIX դարի վենետիկյան դիմականդեսի մասնակիցների հագուստի ոճով և կշռում էին ավելի քան 80 կգ: Ամբիոնների առջևից անցնում են 12 բաց հարթակ ունեցող հսկա կարոսներ հեքիաթային կերպարներով: Թմբուկների ձայների և կրակոտ ռիթմերի ներքո շոուն տևել է մոտավորապես 5 ժամ: Մուտքի տոմսի արժեքը 20-ից 200 դոլար է: Դիմակահանդեսը կշարունակվի շաբաթ օրերին երկու ամիսների ընթացքում և կավարտվի մարտ ամսվա առաջին կիրակի օրը:
Ավելի քան 30 տարի այս դիմակահանդեսը հայտնի է Ֆինլանդիայից, Շվեդիայից, Կանադայից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների մոտ: Ենթադրվում է, որ այս տարի դիմակահանդեսին կայցելի մոտավորապես քառորդ միլիոն հանդիսատես, և ընդհանուր եկամուտը կկազմի 50 միլիոն դոլար: Բոլոր օրերի մասնակից լավագույն խմբերին կորոշի ժյուրին, որն էլ կազմված է տեղացի և արտասահմանյան հայտնի դեմքերից` դիզայներներից, նկարիչներից, ճարտարապետներից և երաժիշտներից: Հաղթողներին կտրվի պետական կարևոր սուբսիդիաներ հաջորդ տարվա միջոցառմանը վերապատրաստվելու համար: