Նյու Յորքի օդանավակայանում կհայտնվեն խցիկներ անաղմուկ աշխատելու համար
30 րոպե վարձակալության արժեքը $15 է, որի մեջ կմտնի Wi-Fi-ի անհատական գաղտնաբառը և խցիկի մուտքի գաղտնաբառը։
Շատ ավիաուղևորներ, որոնց անհրաժեշտ է փաստաթղթեր ուղարկել աշխատանքային հարցերով կամ կարևոր զանգ կատարել, բախվում են նույն անհարմարությանը՝ օդանավակայանում հանգիստ և անմարդաշատ վայրի բացակայությանը։ Սակայն մոտ ապագայում Նյու Յորքի օդանավակայանում այդ խնդիրը կլուծվի։
Անսովոր ծառայություն է հայտնվել Լա Գուարդիա օդանավակայանում , որը գտնվում է Նյու Յորքի Քուինսի հյուսիսային մասում։ Հենց այստեղ կտեղադրվեն փոքրիկ խցիկներ, որոնք կարելի է վարձակալել կարճ ժամանակով լռության մեջ աշխատելու համար։
Ուղևորները, ովքեր կզբաղեցնեն Jabbrrbox անունը կրող խցիկները, կարող են օգտվել դյուրակիր էկրաններից և ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը օդանավակայանի աշխատանքի մասին, Wi-Fi-ից և Bluetooth-ից, տարբեր գաջեթների համար նախատեսված լիցքավորման սարքերից։ Եվ ամենակարևորը, նրանք կարող են իրենց անհրաժեշտ ժամանակահատվածն անցկացնել լռության և միայնության մեջ։
Անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար Jabbrrbox-ի դռները կլինեն թափանցիկ, որպեսզի կողքից անցնող մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում խցիկում։