Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար մարզի մայրաքաղաք Տոլեդոյում ամռանը իր աշխատանքներն է սկսել Ֆիլմերի ավտոմեքենաների թանգարանը (Museo de Coches de Cine): Ցուցահանդեսում ավելի քան 100 տրանսպորտային միջոց է ընդգրկված, որոնք վերջին տարիներին նկարահանվել են ֆիլմերում և սերիալներում:
Մեքենաները հնարավոր է տեսնել իսպանական կինեմատոգրաֆիայի ծանոթ տեսարաններոմ. օրինակ` կարմիր Ford Granada-ն, որը վարել է Պենելոպա Քրուզը «Վերադարձ» (Volver) ֆիլմում կամ փամփուշտներով վնասված SEAT 1430-ը՝ «Տխուր բալլադ շեփորի համար» ֆիլմից, ինչպես նաև՝ ավտոմեքենաներ, որոնք վարել են «Սեր՝ հեղաշրջման ժամանակ» (Amar en tiempos revueltos), «Հանրապետություն» (La República), «Խուան Կառլոսը և Սոֆիան» (Juan Carlos y Sofía) և այլ սերիալների հերոսները:
Ինչպես հայտնում է BuenaEspana-ն՝ նոր թանգարանի ցուցանմուշները «աշխատել» են այնպիսի հանրահայտ ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Խոսե Լուիս Գարսիան, Սթիվեն Սոդերբերգը, Ալեքս դե լա Իգլեսիան և Պեդրո Ալմոդովարը: Տոլեդոն (Toledo) գտնվում է Իսպանիայի կենտրոնական հատվածում` Տախո գետի ափին՝ Մադրիդից 68 կմ հարավ-արևմուտք: Թանգարանը բաց է շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, աշխատանքային օրերին թանգարան կարող են այցելել հատուկ նշանակված խմբերը: Մուտքի տոմսի արժեքը 7 տարեկանից բարձր երեխաների համար 5 եվրո է, մեծահասակաների համար 7 եվրո: